2014 թվականի
հունիսի 29-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (այսուհետ՝ ԻՊ) հայտարարեց
խալիֆայության հռչակման մասին[1]:
Սա իր բնույթով աննախադեպ երևույթ էր, քանի որ մինչ այդ արմատական որևէ այլ կազմակերպության
կողմից խալիֆայություն չէր հռչակվել:
«Իսլամական
պետությունը», որը Սիրիայի և Իրաքի մի զգալի հատվածում գերիշխանություն է հաստատել,
իսլամական ումմայի[2] վերականգնման փորձեր է կատարում: Ումմայի վերականգնումն ու շարիաթական օրենքների
հաստատումը ԻՊ վերահսկողության տարածքներում ենթադրում էր տեղի ոչ միայն մուսուլման,
այլ նաև ոչ մուսուլման բնակչության կազմակերպում, նրանց իրավունքների հստակեցում:
Այս հոդվածում
կներկայացվեն ԻՊ տարածքներում բնակվող ոչ մուսուլման բնակչությանը տրված իրավունքները:
Ժամանակակից Մերձավոր Արևելքի բնորոշ
գծերից է կրոնական, մասնավորապես իսլամական արմատականության ակտիվությունը[3]:
Այս ակտիվությունը տարբեր կերպ է արտահայտվել վերջին մեկ դարի ընթացքում: Թերևս դրա
ծայրահեղ արտահայտվածությունը նկատվում է 21-րդ դարի երկրորդ տասնամյակի շեմին Մերձավոր
Արևելքում բռնկված իրադարձությունների ֆոնին: Մերձավոր Արևելքում կատարվող բախումները
ներառել են բազմաթիվ ուժեր, որոնց նպատակները և գործելաոճը լիովին տարբերվում են միմյանցից[4]:
Այս քաղաքական խաղերի և բազմակողմ պայքարի թատերաբեմում, ինչպես և ցանկացած պատերազմական
իրավիճակում, ամենախոցելի տարրը եղել և մնում է ժողովուրդը, մասնավորապես փոքրամասնությունները:
Մերձավորարևելյան բազմաէթնիկ հասարակությունը ուներ այնպիսի խոցելի տարրեր, որոնք հեշտությամբ
դարձան որոշակի խմբերի ատելության առարկան և ոչնչացման կամ հնազանդեցման թիրախը:
Այս իրադրությունում է, որ վեր է բարձրանում «մարդու իրավունքներ» կոչվող երևույթի
վերարժևորումը: Լինելով «դատարկ» արտահայտություն, ամենատարբեր ժամանակներում և ամենատարբեր
խմբերի կողմից դրա բովանդակությունը անընդհատ փոխվել է: Մարդու իրավունքների մասին
արևմտյան պատկերացումները բազմաթիվ կետերում չեն համընկնում իսլամական, առավել ևս արմատական
իսլամական պատկերացումներին:
«Արաբական գարուն» կամ «Արաբական զարթոնք» անունը ստացած պատմական զարգացումների
ֆոնին Սիրիայի և Իրաքի տարածքներում մեծ ուժ ձեռք բերեց «Իսլամական պետություն» ահաբեկչական
խմբավորումը: Այս կազմակերպությունը նախապես կոչվում էր «Իրաքում իսլամական պետություն», իսկ 2013 թվականին կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին փոխեց դրա անունը՝
այն դարձնելով «Իրաքում և Շամում
իսլամական պետություն», սակայն արդեն 2014 թվականի հունիսի 29-ին կազմակերպությունը
ստացավ իր ներկայիս անվանումը՝ «Իսլամական պետություն»[5],
իսկ նրա առաջնորդը հռչակվեց խալիֆ[6]:
Այս «խալիֆայության»
ստեղծման ճանապարհին ԻՊ-ի առաջնորդի կողմից կատարվեցին մի շարք քայլեր, որոնք ուղղված
էին «խալիֆայության» ներսում կյանքը կարգավորելուն
և այն ՝ շարիաթական օրենքներին համապատասխանեցնելուն:
Սակայն հաշվի
առնելով, որ ԻՊ-ի վերահսկողության տարածքներում բնակվողները բացառապես մուսուլմաններ
չէին, և այստեղ բնակվում էին նաև այլադավաններ՝ խնդիր էր առաջանում հատկապես այդ տարրի հետ հարաբերությունների կարգավորումը
և նրանց իրավունքների հստակեցումը:
«Խալիֆայության» ներքին կյանքը կազմակերպելու ԻՊ-ի
քայլերը հասկանալու համար անհրաժեշտ է պատկերացնել իսլամական համայնքի՝ ումմայի կառուցվածքը
և դրա տարրերի դերն ու իրավունքները:
Իսլամի տեսանկյունից մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ մուսուլմաններ և ոչ մուսուլմաններ[7]:
Ղուրանը տարբերակում է ոչ մուսուլմանների երկու խումբ՝
«Գրքի ժողովուրդները», դառնալով
Ահլ ալ-Զիմմա[10], կարող
էին ումմայի անդամ դառնալ: Զիմմիի կարգավիճակ ունեցողների համար սահմանված էին հստակ իրավունքներ
և մատնանշված էին այն գործողությունները, որոնք նրանք անել չէին կարող:
- «Անհավատները» և «հեթանոսները», ովքեր չեն կարող զիմմիի կարգավիճակ ստանալ[11]:
«Գրքի ժողովուրդների» իրավունքներն ԻՊ տարածքներում
Ինչպես արդեն նշվեց, «Գրքի ժողովուրդները» կարող էին համաձայնագիր կնքել և ստանալ
զիմմի կարգավիճակ, որը ապահովում էր մուսուլմանների կողմից նրանց պաշտպանությունը,
սակայն միաժամանակ բազմաթիվ սահմանափակումներ և արգելքներ էր սահմանում նրանց համար:
Իսլամական պետությունը, ձգտելով վերականգնել իսլամական ումման, իր վերահսկողության
տարածքում քրիստոնյաների հետ նմանատիպ համաձայնության գալու փորձ է արել. 2014թվականի
փետրվարի 23-ին ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կողմից Սիրիայի առ-Ռակկա քաղաքի
քրիստոնյաների հետ զիմմիի պակտ է ստորագրվել: Աբու Բաքր ալ-Բաղդադին, զիմմիի պակտը
կնքելով, ցույց էր տալիս, որ ինքը խալիֆ է և նման պայմանագիր կնքելու իրավունք ունի:
Առ-Ռակկայի պակտի կնքման ժամանակ դեռևս ալ-Բաղդադին չէր հայտարարել խալիֆայության ստեղծման
մասին և սա կարելի է համարել այն մի քանի ազդակներից, որոնք նախորդեցին խալիֆայության
հռչակմանը[12]:
Մինչև պակտի կնքելը, առ-Ռակկայի քրիստոնյաներին 3 տարբերակ էր առաջարկվել՝
- իսլամ ընդունել,
- զիմմի դառնալ,
- մերժել առաջին երկուսը և նրանց դեմ պատերազմ կսկսվի[13]:
Առ-Ռակկայի պակտի 12 կետերով սահմանվում էին քրիստոնյաների իրավունքները:
Ըստ այդ կետերի զիմմիները ՝
- չպետք է կառուցեն իրենց քաղաքում կամ դրա ծայրամասային հատվածներում վանք, եկեղեցի կամ վանականների ճգնարան, և չպետք է վերականգնեն այն, ինչ քանդվել է[14],
- չպետք է ցույց տան խաչ կամ իրենց [կրոնի-Ն.Ս.] սուրբ գրություն մուսուլմանների ճանապարհին կամ շուկաներում և նրանք չպետք է որևէ բան ձեռնարկեն, ինչը նրանց ձայնը բարձր կդարձնի աղոթքի կամ որևէ այլ պաշտամունքային ակտի ժամանակ,
- չպետք է մուսուլմանի համար լսելի դարձնեն իրենց սուրբ գրությունը կամ իրենց զանգերի ձայնը, անգամ եթե դրանք խփում են եկեղեցիների ներսում,
- չպետք է մասնակցեն Իսլամական պետության դեմ որևէ թշնամական գործողության, ինչպիսին օրինակ լրտեսներին կամ Իսլամական պետությունը հետախուզողներին ապաստան տալն է... Եթե նրանք գիտեն մուսուլմանների դեմ պլանավորվող դավադրության մասին, ապա պետք է հայտնեն նրանց մասին,
- չպետք է իրենց պաշտամունքը եկեղեցուց դուրս ցույց տան,
- չպետք է արգելեն որևէ քրիստոնյայի իսլամ ընդունել, եթե նա դա ցանկանում է,
- պետք է հարգեն իսլամն ու մուսուլմաններին և որևէ կերպ չպետք է նվաստացնեն նրանց կրոնը,
- քրիստոնյաները պետք է «ջիզիա»[15] վճարեն յուրաքանչյուր հասուն տղամարդու համար. դրա գինը հարուստների համար 4 ոսկե դինար[16] է, և դրա կեսն է միջին ունեցվածք ունեցողների համար, և դրա կեսը աղքատների համար՝ այն պայմանով, որ նրանք իրենց գործերի վերաբերյալ ոչինչ չեն թաքցնի ԻՊ-ից: Վճարումները պետք է տարին երկու անգամ կատարվեն:
- չպետք է զենք կրեն,
- չպետք է խոզի միս կամ գինի վաճառեն մուսուլմաններին հետ կամ նրանց շուկաներում: Չպետք է հրապարակավ խմեն այն [գինին-Ն.Ս.], այսինքն չպետք է խմեն որևէ հասարակական վայրում:
- պետք է իրենց սեփական գերեզմանատունն ունենան, ինչպես դա ընդունված է,
- պետք է ընդունեն Իսլամական պետության կողմից տրված ցուցումները, ինչպիսին հագուստի, առքուվաճառքի կամ այլ հարցերում համեստությունն է[17]:
Այս պայմանները պահպանելու պարագայում առ-Ռակկայի քրիստոնյաներին, այդ թվում
հայերին, տրվում էր կյանքի, առողջության, նրանց եկեղեցիների և առ-Ռակկայի իրենց ունեցվածքի
անվտանգության երաշխիքներ. նրանց եկեղեցիները չէին ավերվի, նրանցից ոչ մեկին չէին վնասի,
նրանց իսլամ չէր հարկադրվի[18]:
Փորձենք այս կետերը համեմատել Ահլ ալ-զիմմայի համար սահմանված այն պայմանների
հետ, որոնք պահպանվել են 11-րդ դարի հեղինակ ալ-Մավարդիի աշխատության մեջ: Ալ-Մավարդին
բերում է 6 պարտադիր և 6 ոչ պարտադիր պայմաններ:
Պարտադիր պայմաններն էին`
- չպարսավել Ղուրանը,
- չվատաբանել Մուհամմադին,
- չվատաբանել մուսուլմանական կրոնը,
- չշնանալ և չամուսնանալ մուսուլման կնոջ հետ,
- չնպաստել, որ մուսուլմանն այլ կրոն ընդունի,
- չօգնել մուսուլմանների դեմ պայքարողներին[19]:
Ոչ պարտադիր պայմաններն էին՝
- պետք է հագուստի վրա տարբերակիչ նշաններ կրել,
- չպետք է մուսուլմանների տներից բարձր տներ կառուցել,
- չհնչեցնել եկեղեցու զանգերը և չկարդալ իրենց սուրբ տեքստերը մուսուլմանների ներկայությամբ:
- չխմել գինի մուսուլմանների ներկայությամբ, չպահել խաչեր և խոզեր երևացող տեղերում,
- թաղել մեռելներին լուռ և աննկատ,
- չերթևեկել ցեղական ձիերով և ուղտերով[20]:
Ալ-Մավարդիի մոտ պահպանված պարտադիր կետերի խախտման դեպքում մեղավորը զրկվում
էր զիմմիի կարգավիճակից, իսկ ոչ պարտադիր պայմանների խախտման դեպքում թեև չէր զրկվում,
սակայն ցանկալի էր, որ պատժվեր[21]:
Ի տարբերություն սրան՝ նախ և առաջ նշենք, որ ԻՊ-ի կողմից կնքված ահլ ազ-զիմմայի պատկտում
բոլոր 12 կետերն էլ պարտադիր են համարվում և անկախ դրանց կարևորությունից՝ պայմանագրի
խախտողի դեմ պատերազմ կհայտարարվի: Դրանով փաստորեն ԻՊ-ն ոչ մի անհնազանդություն չի
ընդունում: Եթե ալ-Մավարդիի բերված ոչ պարտադիր կետերի խախտման դեպքում մեղավորը պատիժվում
էր, ապա ԻՊ-ն այդ «հնարավորությունն» էլ փաստորեն չի տալիս: Այս, կարելի է ասել, խոսում է այն մասին, որ ԻՊ նպատակներից մեկն
էլ տարածաշրջանի էթնիկ զտումն է և իր գաղափարները չկրող տարրի, որի մեջ մտնում են ինչպես
ոչ մուսուլմանները, այնպես էլ շիաները, վերացումը:
«Անհավատների» խնդիրը ԻՊ տարածքներում
Ինչպես արդեն նշեցի, ոչ մուսուլմանները բաժանվում էին Գրքի ժողովուրդների և
անհավատների:
Եթե ոչ մուսուլման, սակայն Գրքի ժողովուրդների ներկայացուցիչներին հնարավորություն
է տրվում ապրել մուսուլմանների հովանավորության տակ, հարկ վճարել և չփոխել կրոնը, ապա
«անհավատների» խմբին պատկանողների համար այս հնարավորությունը գոյություն չունի:
Նրանց տրվում է երկու տարբերակ՝ իսլամ ընդունել կամ մահվան դատապարտվել:
«Իսլամական պետություն» խմբավորման կողմից անհավատ հռչակվեցին եզդիները, ովքեր
ըստ Իսլամական պետության «երկրպագում են Իբլիսին՝ համարելով, որ Իբլիսը ընկած, սակայն ներում ստացած հրեշտակ է...
նրանք նրան լավն են համարում և հավատում են, որ Ալլահը ներել է նրան [Իբլիսին-Ն.Ս.]»[22]:
Այս հաշվի առնելով՝ Իսլամական պետության կողմից եզդիների նկատմամբ հալածանքներ
սկսվեցին, որոնք ճանաչվեցին որպես ցեղասպանություն[23]:
Ի տարբերություն ԻՊ-ի այս դիրքորոշմանը Աբու Բաքր ալ-Բաղդադիին ուղղված բաց նամակի
11-րդ կետում[24] հարյուրից
ավելի մուսուլման իրավագետ-կրոնագետներ հստակորեն նշել էին, որ եզդիներին պետք է համարել
«Գրքի ժողովուրդ»[25]: Հետևաբար
նրանց նկատմամբ ԻՊ հալածանքները հակաիսլամական են[26]:
ԻՊ-ի կողմից անհավատ հայտարարվածները ենթարկվեցին մեկ այլ փորձության ևս՝ ստրկության:
Ստրկության հարցն իսլամում մշտապես եղել է բանավեճերի կիզակետում: Մուսուլման կրոնագետ-աստվածաբանների
մի մասը նշել է, որ ստրկությունը արգելված է իսլամում, սակայն կան նաև ստրկության օրինականությունը
ապացուցողները: Վերջինների թվին է պատկանում սաուդցի շեյխ Սալեհ ալ-Ֆաուզանը, ով
2003 թվականին ֆաթվա[27]
է տվել՝ պնդելով, որ «ստրկությունը իսլամի մի մասն է, ստրկությունը ջիհադի մի մասն
է»[28]:
ԻՊ-ի կողմից ստրկությունը հայտարարվեց թույլատրելի և անհրաժեշտ երևույթ: «Իսլամական
պետության» անգլալեզու ամսագիր «Դաբիքի» 4-րդ համարում[29]
հրապարակված մի հոդվածում նշվում էր, որ «Իսլամական պետությունը» Սինջարում «բախվում
է հեթանոս փոքրամասնություն եզդի բնակչությանը»: Ապա նշվում էր, որ եթե Ալլահը հստակ
հրահանգ է տվել հեթանոսների հետ վարվելու վերաբերյալ, ինչու են առ այսօր նրանք մնացել[30]:
Այս հոդվածում նաև նշվում է, որ «ի տարբերություն հրեաների և քրիստոնյաների՝ նրանց
համար չկա ջիզիա վճարելու հնարավորություն: Նրանց կանայք կարող են ստրկացվել
[ընդգծումը-Ն.Ս.]... Բռնվելուց հետո եզդի կանայք և երեխաները շարիաթի համաձայն բաժանվում են «Իսլամական պետության» զինվորների
միջև, ովքեր մասնակցել են Սինջարի գործողություններին»[31]:
Այս հոդվածի համաձայն զինվորները կարող են վաճառել իրենց բաժին հասած ստրուկներին[32]:
Ի պատասխան սրան ալ-Բաղդադիին ուղղված բաց նամակի 12-րդ կետում մուսուլման կրոնագետ-իրավագետների
նշում էին, որ «ստրկության վերականգնումը արգելված է: Այն վերացվել է միաջայն համաձայնությամբ՝
իջմայով[33]»[34]:
Չնայած սուննի կրոնագետների այս պնդմանը՝ «Իսլամական պետության» կողմից գերեվարված
են մնում հազարավոր եզդի կանայք և երեխաներ[35]:
ՄԱԿ-ի զեկույցում նշվում էր, որ ԻՊ-ի կողմից հազարավոր կանայք են գերեվարվել և հանձնվել
սեքս-ստրկության[36]:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է եզրակացնել, որ
·
ԻՊ-ի հաստատումը Իրաքի և Սիրիայի
զգալի հատվածում դրձել է լրջագույ ,ն խնդիր մարդու իրավունքների պահպանման տեսակետից,
·
ԻՊ-ի կողմից իր վերահսկողության
տարածքներում բնակվող ոչ մուսուլման տարրը բաժանվում է Գրքի ժողովուրդների և անհավատների,
·
Գրքի ժողովուրդները թեև զիմմիի
կարգավիճակ են ստանում, սակայն նրանց առաջարկված անհավասար պայմանները չեն կարող ապահովել
նրանց նորմալ կենսակերպը,
·
Եզդիները, որոնք Իրաքում փոքրամասնություն
են կազմում, համարվում են անհավատներ և նրանց նկատմամբ վերաբերմունքը ԻՊ-ի կողմից հստակ
է՝ ընդունել իսլամ կամ ոչնչացվել,
·
Լրջագույն խնդիր է դարձել կանանց և երեխանրի ստրկության հարցը:
The
rights of non-Muslim population under the rule of “Islamic State”
Summary
Naira
Sahakyan
On 29 June
2014, the terrorist group “Islamic State of Iraq and Syria” declared the
establishment of caliphate and renamed itself “Islamic State”. “Islamic State”
tries to establish Islamic Ummah, where the life (not only the Muslims’, but
also non-Muslims’) must be regulated by Sharia laws. In Islam non-Muslim
population is divided into two major parts, i.e. People of the Book and infidels.
In this article I will discuss the rights of these groups.
In the first
part of article I tried to analyze the rights of People of the Book given by
leader of “Islamic State”, Abu Bakr al-Baghdadi. And in the second part I analyzed
the issue of Yazidis, who are considered to be infidels. During the analyzing
the rights of infidels I paid attention to the issue of slavery, which has been
justified by "Islamic State".
[1] Խալիֆայության հռչակման ամբողջական տեքստը տե՛ս
http://myreader.toile-libre.org/uploads/My_53b039f00cb03.pdf (մուտք՝ 18.12.2014)
[2] Ումման կրոնական համայնք է, որի վերաբերյալ պատկերացումները
ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվել. եթե Մուհամմադ մարգարեի կյանքի
վերջին տարիներին, ումմա ասելով, հասկանում էին Արաբական թերակղզու մուսուլմաններին,
ապա արաբական նվաճումները հանգեցրեցին այս հասկացության իմաստի ընդլայնմանը՝ ներառելով
նաև նվաճված երկրների բնակիչներին: Պանիսլամիզմի առաջացումն ու զարգացումը հանգեցրեց
«ումմա իսլամիյյա»-ի ձևավորմանը: (Տե՛ս
Ислам. Энциклопедический словарь. М.: «Наука»,
Главная редакция восточной литературы, 1991, стр. 241-242. (Այսուհետ՝ Ислам.
Энциклопедический словарь))
[3] Իսլամում արմատական
շարժումները և ծայրահեղական կազմակերպությունները սկսեցին մեկը մյուսի հետևից գլուխ
բարձրացնել 20-րդ դարի երկրորդ քառորդից սկսած: Այս արմատական շարժումները միավորող
թերևս գլխավոր նպատակը իսլամական խալիֆայության վերականգնում է: Օսմանյան կայսրության փլուզումն ու խալիֆայության
ինստիտուտի վերացումը այս շարժումների ծավալման համար ազդակ դարձան: Օսմանյան
կայսրության քայքայումից հետո խալիֆայության վերականգնման մասին պատկերացումները զարգացան
մի շարք արմատական իսլամական կազմակերպությունները ներկայացնող հեղինակների աշխատություններում
և այդ կազմակերպությունների գաղափարախոսության հիմքը կազմեցին: Այս աշխատություններում,
որտեղ մատնանշվում է խալիֆայության վերականգնման անհրաժեշտությունը, շեշտվում է, որ
այդ խալիֆայությունը պետք է կարգավորվի բացառապես շարիաթի օրենքներով: Օրինակ տե՛ս
Hasan
al-Banna, "Message of the Teachings" in Majmūʿat Rasāʾil Al-Imām Al-Shahīd Hasan Al-Bannāʾ, International Islamic Federation of Student Organizations, pp. 15-16.
[4] Հաշվի առնելով, որ այս ուժերի գործունեությունը
հոդվածի հիմնական թեման չէ, չեմ անդրադառնա դրանց:
[5] Տե՛ս Wood G., What ISIS's Leader Really Wants, Տե՛ս http://www.newrepublic.com/article/119259/isis-history-islamic-states-new-caliphate-syria-and-iraq (մուտք՝ 02.10.2015)
[6] Խալիֆի ինստիտուտը ձևավորվել է 632 թվականին Մուհամմադ մարգարեի մահից հետո:
Այս ինտիտուտը իր մեջ միավորում է ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր իշխանությունը:
(Տե՛ս Սահակյան Ն., «Խալիֆա ինստիտուտին վերաբերող որոշ հարցեր», Մերձավոր Արևելք,
Հ. 6, Երևան 2009, էջ 240-244)
[7] Հաշվի առնելով, որ այս հոդվածում ներկայացվելու են ԻՊ-ի
կողմից ոչ մուսուլմաններին տրված իրավունքները, հարկ չեմ համարում մանրամասնել ումմայի
մուսուլման անդամների տարատեսակները և կանդրադառնամ միայն ոչ մուսուլմաններին:
[8] Այս խմբին են պատկանում հրեաներն ու քրիստոնյաները, որոնք
հայտնության միջոցով ստացել են սուրբ «գրություններ»՝ Թորան, Սաղմոսներն և Ավետարանները:
Ահլ ալ-Քիթաբի մաս են երբեմն համարվում նաև զրադաշտականները: (Տե՛ս Ислам. Энциклопедический словарь, стр. 28)
[9] Հ. Քոչարյան, «Ումմայի կարգավիճակն ու
բնորոշումը Ղուրանում և վաղ իսլամական սկզբնաղբյուրներում», Ատենախոսություն, Է.00.02
«Ընդհանուր պատմություն» մասնագիտությամբ
պատմական գիտությունների
թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար, Երևան 2005, էջ 117: (Այսուհետ՝ Հ. Քոչարյան,
2005)
[10] Ահլ ալ-Զիմմայի կազմի մեջ մտնում են այն
այլադավանները, ովքեր ընդունել են մուսուլմանների գերիշխանությունն ու ջիզիա հարկ են
վճարում՝ ստանալով մուսուլմանների պաշտպանությունը: (Տե՛ս Ислам. Энциклопедический словарь, стр. 27)
[11] Հ. Քոչարյան, «Ումմայի անդամներին
վերաբերող որոշ հարցեր», Արաբագիտական ուսումնասիրություններ, Ա, Երևան 2006,
էջ 64-65:
[12] Այս ազդակներից էր նաև անվան մեջ ալ-Կուրայշի
անունն ավելացնելը, ինչը ցույց էր տալիս, որ ալ-Բաղդադին Մուհամմադ մարգարեի ցեղակիցն
էր, հետևաբար խալիֆ լինելու իրավունք ուներ:
[13]
Islamic State In Iraq And Syria (ISIS) Forces Poll Tax (Jizya) On Christians Of
Al-Raqqa/Syria, http://counterjihadreport.com/2014/02/28/islamic-state-in-iraq-and-syria-isis-forces-poll-tax-jizya-on-christians-of-al-raqqasyria/http://counterjihadreport.com/2014/02/28/islamic-state-in-iraq-and-syria-isis-forces-poll-tax-jizya-on-christians-of-al-raqqasyria/ (մուտք՝ 18.01.2015)
[14] Պետք է նշել, որ Դեյր ալ-Զուրում հայկական Սրբոց
Նահատակաց եկեղեցու ավերումը կապված է իսլամականների
կողմից զիմմի կարգավիճակ տալու հետ: ԻՊ-ի կողմից հայերին առաջարված է եղել ընդունել
իրենց գերիշխանությունը, սակայն հայերը մերժել են, որից հետո ԻՊ զինյալները պայթեցրել
են հայկական եկեղեցին: Jabhat al-Nusra blows up Armenian church in Deir el-Zour:
A savage blow that echoes through Armenian history Տե՛ս http://www.independent.co.uk/news/world/middle-east/jabhat-alnusra-blows-up-armenian-church-in-deir-elzour-a-savage-blow-that-echoes-through-armenian-history-9852372.html?origin=internalSearch (մուտք՝ 20.12.2014)
[15] Ջիզիան մուսուլմանական երկրներում այլադավանների
կողմից վճարվող հարկն է: Ջիզիա պետք է վճարեին բոլոր հասուն տղամարդիկ, բացի ծերերից,
հաշմանդամներից և ստրուկներից: (Տե՛ս Ислам. Энциклопедический
словарь, стр. 65)
[16] Ըստ համացանցում տարածված որոշ տեղեկությունների
1 ոսկե դինարն համապատասխանում է 139 ԱՄՆ դոլարի: Տե՛ս Объявлен курс валюты ИГИШ,
первые фото монеты, https://ayyamru.wordpress.com/2014/11/17/%D0%BE%D0%B1%D1%8A%D1%8F%D0%B2%D0%BB%D0%B5%D0%BD-%D0%BA%D1%83%D1%80%D1%81-%D0%B2%D0%B0%D0%BB%D1%8E%D1%82%D1%8B-%D0%B8%D0%B3%D0%B8%D1%88-%D0%BF%D0%B5%D1%80%D0%B2%D1%8B%D0%B5-%D1%84%D0%BE%D1%82%D0%BE/ (մուտք՝ 20.01.2015)
[17] أول
عقد ذمة في الشام بين الدولة الإسلامية ونصارى ولاية الرقة http://justpaste.it/ejur , (մուտք՝
01.02.2015)
[18]
Aymenn Jawad Al-Tamimi, The
Islamic State of Iraq and ash-Sham’s dhimmi pact for the Christians of Raqqa
province, Տե՛ս http://www.joshualandis.com/blog/islamic-state-iraq-ash-shams-dhimmi-pact-christians-raqqa-province/ (մուտք՝ 15.01.2015)
[19] Հ. Քոչարյան, 2005, էջ 122-123:
[20] Նույն տեղում:
[21] Նույն տեղում:
[22] Dabiq N. 5, p. 14-15
[23] New UN report suggests ISIS liable
for genocide of minorities in Iraq, Տե՛ս http://genocidewatch.net/2015/02/24/new-un-report-suggests-isis-liable-for-genocide-of-minorities-in-iraq/ (մուտք՝ 02.25.2015)
[24] «Պարտադիր է եզդիներին դիտարկել որպես Գրքի
ժողովուրդ»: Տե՛ս Letter to Baghdadi, Տե՛ս http://www.lettertobaghdadi.com/ (մուտք՝ 02.25.2015)
[25] Նույն տեղում:
[26] Եզդիներին «Գրքի ժողովուրդ» համարելը
տարակարծությունների առարկա է մուսուլման կրոնագետ-իրավագետների
շրջանում:
[27] Ֆաթվան կրոնական կամ
քաղաքացիական տարբեր կոնկրետ և պրակտիկ իրողությունների հետ կապված իսլամական տեսակետը
ներկայացող եզրահանգումն է, որն ունի խորհրդակցական բնույթ և պարտադիր չէ կատարման
համար: (Տե՛ս Տոնիկյան Ս., «Ֆաթվան
որպես իսլամական իրավունքի ադապտացիոն մեխանիզմ», Արևելագիտության հարցեր VII, Երևան, ԵՊՀ,
2012, էջ՝ 16:
[28] Saudi
sheik: 'Slavery is a part of Islam' Տե՛ս http://www.wnd.com/2003/11/21700/ (մուտք՝ 02.25.2015) և
Sheikh Saleh Al-Fawzan-Sauid religous leader wants slavery Տե՛ս http://www.danielpipes.org/comments/12177 (մուտք՝ 02.25.2015)
[29] Ամսագրիի այս համարը կոչվում է «The
Failed Crusade»: Ամբողջությամբ տե՛ս
http://media.clarionproject.org/files/islamic-state/islamic-state-isis-magazine-Issue-4-the-failed-crusade.pdf
[30] Dabiq N. 5, p. 14
[31] Նույն տեղում, էջ 15:
[32] Նույն տեղում:
[33] Իջման կրոնագետ-իրավագետների միաձայն
կարծիքն է: Այն իսլամական իրավունքի չորս հիմնական աղբյուրներից մեկն է: (Տե՛ս Ислам. Энциклопедический словарь, стр. 91)
[34] Letter to Baghdadi, Տե՛ս http://www.lettertobaghdadi.com/ (մուտք՝ 02.25.2015)
[35] UN Confirms ISIS Killed 5,000 Yazidi Men
And Made 7,000 Women Sex Slaves Տե՛ս http://holipal.com/un-confirms-isis-killed-5000-yazidi-men-and-made-7000-women-sex-slaves/ (մուտք՝ 02.27.2015)
[36]
The new horror for Iraq's kidnapped children: UN report reveals ISIS is selling
youngsters from minorities as sex slaves, turning them into suicide bombers and
crucifying them if they disobey, Տե՛ս
http://www.dailymail.co.uk/news/article-2939811/Islamic-State-selling-crucifying-burying-children-alive-Iraq-UN.html (մուտք՝ 02.12.2015);
U.N. Report Details ISIS Abuse of Women and Children, Տե՛ս http://www.nytimes.com/2014/10/04/world/middleeast/un-report-isis-abuse-women-children.html (մուտք՝ 02.12.2015)
Աղբյուր՝ Տարածաշրջանային խնդիրներ 1, 2015, էջ՝ 82-92