Skip to main content

Կենաց ծառ միֆոլոգեմը

Ծառը համաշխարհային ավանդույթի կենտրոնական խորհրդանիշներից մեկն է: Այն հնագույն սիմվոլ է, որը հայտնի է աշխարհի գրեթե ողջ ժողովուրդներին: Ներկայացնում է Տիեզերքը, կյանքի օրենքներն ու մարդուն` որպես անքակտելի ամբողջություն: Մարմնավորում է տիեզերքի կյանքը` որպես կենդանի օրգանիզմ: Ծառը` որպես ուղղաձիգ ֆենոմեն, ասոցացվում է լեռան հետ: Այն կապվում է պտղաբերության, բարգավաճման, առատության հետ,
սակայն նախ և առաջ համարվում է կյանքի անձնավորումը` տարբեր ասպեկտներում ու դրսևորումներում: Այս ամենից բացի ծառը կարող է հանդես գալ նաև որպես հավերժ կյանքի, անմահության սիմվոլ: Այն խորհրդանշում է աշխարհի կենտրոնական առանցքը, որը միավորում է Երկիրն ու Երկինքը, մարդուն ու նրա ուղին` դեպի հոգևոր բարձունքները, կյանքի, մահվան ու հարության  ցիկլերը, Տիեզերքը, թաքնված իմաստությունն ու կյանքի գաղտնի օրենքները: Հնագույն շրջանում այն կապում էին աստվածների ու բնության առեղծվածային ուժերի հետ: Տարբեր ավանդույթներում տարբեր ծառատեսակներ են երկրպագվում: Օրինակ` կեչին սուրբ էին համարում արևելյան սլավոնները, հացենին` սկանդինավյան ժողովուրդները, բամբուկը` ճապոնացիները: Ծառերի հետ ասոցացվում են տարբեր աստվածներ. դափնին ու հունական աստված Ապոլլոնը, կաղնին ու արլ.-սլավոնական աստված Պերուն, բուդդիզմում սրբազան ծառ բոդհին` Բուդդայի ատրիբուտը ու լուսավորության խորհրդանիշ:
   Տարբեր ծառերի շուրջ հյուսվում են նաև սեփական նշանակությունները: Օրինակ` հրեական ավանդույթում ծառը` որպես նյութ, խորհրդանշում է բարին, իսկ երկաթը` չարը: Միայն ծառի հետ միանալու դեպքում երկաթը կկորցնի իր չարաբեր ուժը:
   Ծառի հետ կապված սիմվոլիկ ձևերից գլխավորը համաշխարհային ծառն է կամ տիեզերական ծառը (Arbor mundi): Այն մարմնավորում է աշխարհի ունիվերսալ կոնցեպցիան: Համաշխարհային ծառի կերպարը հաճախ արտահայտվում է նաև իր տարատեսակներով` կենաց ծառ, չարի ծառ, իմացության ծառ և այլն:
   Միֆոլոգիական պատկերներում աշխարհը ուղղաձիգ կերպով հաճախ բաժանվում է երեք աստիճանների` վերին, միջին ու ստորին (դրանք ևս կարող են ենթաբաժանվել, օր.` Ղուրանում նման աստիճանները 7-ն են): Բոլոր աստիճանների միջև կապը իրականացվում է տարբեր միջոցներով (կարող են լինել բույսեր, որոնք հասնում են երկինք, աստիճաններ, թռչուններ և այլն): Ուղղաձիգ կապի համար դիցաբանության մեջ հաճախ օգտագործվում է համաշխարհային ծառի կերպարը: Ծառն իր արմատներով, որոնք գտնվում են գետնի տակ, և իր վեր բարձրացող ճյուղերով, խորհրդանշում է վեր ուղղված տենդենցը:[1] Համաշխարհային ծառը գտնվում է աշխարհի սրբազան կենտրոնում (կենտրոնը կարող է տարբերակվել` երկու համաշխարհային ծառ, երեք համաշխարհային լեռներ և այլն) և գրավում է ուղղաձիգ դիրք: Տիեզերական ծառի կամ կենաց ծառի արմատները խորը թափանցած են ստորերկրյա աշխարհ, նրա բունը կարծես կամուրջ լինի, որը ձգվում է Երկրից Երկինք, այն խորհրդանշում է միջին աշխարհը, այսինքն` մարդկանց աշխարհը: Նրա ճյուղերը բարձրանում են մինչ ամենաբարձր երկնային ոլորտները, հասնում են առեղծվածային աշխարհ` ողջ գոյության ակունքների, որտեղ ապրում են աստվածներն ու աստղերը: Այդ ծառի բունը համարվում է տարածության ու ժամանակի առանցքը, իսկ նրա ճյուղերն ու արմատները դուրս են գալիս կյանքի և մահվան սահմաններից: Կենաց ծառի հյութը երկրային շաղ է, կենարար խմիչք, որը հարության հնարավորություն է տալիս, իսկ նա, ով համտեսում է նրա պտուղները, դառնում է անմահ:
   Համաշխարհային ծառի պատկերներում ուղղաձիգ պրոյեկցիան մոդելավորում է տիեզերքը, իսկ հորիզոնականը` ծեսը: Տիեզերական ծառի հորիզոնական կառուցվածքը ձևավորվում է ծառի ու նրա շուրջ գտնվող օբյեկտների միջոցով: Բնի կողմերում գտնվում են սմբակավոր կենդանիների և մարդկային կերպարներ (աստվածներ, դիցաբանական հերոսներ, սրբեր, քրմեր, մարդիկ): Օրինակ` ացտեկների պատկերներում համաշխարհային ծառի աջ կողմում արևի աստվածն է, իսկ ձախ կողմում` մահվան աստվածը: Եթե տիեզերական ծառի ուղղաձիգ կառուցվածքը կապված է դիցաբանական ոլորտի հետ, նախ և առաջ` կոսմոլոգիական, ապա հորիզոնականը հարաբերակցվում է ծեսի ու նրա մասնակիցների հետ: Ծեսի օբյեկտը կամ նրա կերպարը միշտ գտնվում է կենտրոնում, իսկ ծեսի մասնակիցներն` աջ ու ձախ կողմերում: Էլեմենտների ողջ հաջորդականությունը` հորիզոնական ուղղությամբ, ընկալվում է որպես ծեսի տեսարան, որի նպատակը բարեհաջողության, պտղաբերության, սերունդների, հարստության ապահովումն է:[2]  Ծեսը կարող է մեկնաբանվել որպես միֆի պրագմատիկական իրականացումը, դիցաբանականի պրոյեկցիան <<ծիսական>> ոլորտում: Առավել տարածված ծես, որը կապված է տիեզերական ծառի հետ, համարվում է սկանդինավյան աստված Օդին-ի (Odin) զոհաբերությունը, ով 9 օր կախված է մնացել Իգգդրասիլ հացենուց` իմաստություն ձեռք բերելու նպատակով: 9-րդ օրը նա ծարավը հագեցրեց սուրբ մեղրով` Բելտուրն հսկայի կողմից տրված և վերջինից ստացավ ռուներ` գաղտնագրեր, սկանդինավյան հին սեպագրեր:
      Համաշխարհային ծառի հորիզոնական կառուցվածքը թույլ է տալիս  տարբերակել յուրացրածն (մշակույթի հետ կապված) ու չյուրացրածը (բնության հետ կապված)[3], քաոսային ու տիեզերական տարածությունը, տիեզերք է բերում ինչ-որ չափ, հաշվում:[4] Այն սերտ կապված է նաև սրբազան թվերի հետ` 3, 4, 7, 9, 12 և այլն. Տիեզերքի երեք ոլորտները, կյանքի երեք ժամանակները` անցյալ, ներկա ու ապագա, 4 տարերքները, աշխարհի չորս կողմերը, յոթ աշխարհները և այլն: Օրինակ` Կ. Յունգը համաշխարհային ծառի կերպարում տեսնում է մարդկային մտածողության սխեման. արմատները` անգիտակցականի ակունքները, բունը` գիտակցականի ռեալիզացիան, իսկ սաղարթավոր մասը` տրանս-գիտակցական նպատակը:
  Եթե Կենաց ծառն ընդգրկում և միավորում է իր մեջ Տիեզերքի ողջ օրենքներն ու գոյության ձևերը, ապա իմացության ծառն արտացոլում է այն մասը, որը հասանելի է մարդու հասկացողությանը:   Իմացության ծառի կերպարը ծագել է մշակութային ավելի ուշ փուլերում: Այն խորհրդանշում է էություններին զանազանելու ունակությունը` կատարելության վիճակին հասնելու նպատակով և հանդես է գալիս կենաց ծառին զուգահեռ, երբեմն նույնիսկ խառնվելով վերջինիս հետ: Եթե կենաց ծառի պտուղների մեջ միասնական ունիվերսալ իմաստությունն է, ապա իմացության ծառի պտուղների ազդեցությունը ամբողջովին կախված է այն բանից, թե ինչպես և հանուն ինչի է այն օգտագործում մարդը: Դրա համար իմացության ծառի պտուղները կարող են և չարիք, և բարիք պատճառել, կարող են տանել ինչպես բարու ճանաչմանը, այնպես էլ` չարի: Իմացության ծառը խոչընդոտներ է դնում Ճշմարտությանն ու Իմաստությանը հասնելու ճանապարհին, այն բանի համար, որ մարդը սովորի տարբերել կեղծն իսկականից և պատասխանատվություն կրի իր մտքերի, մտադրությունների ու արարքների համար:


[1] Тоникян С. А., <<Мифологические аспекты сюжетов Корана>>, Изд.-во ЕГУ, 2009, стр. 77
[2] Мифы народов мира, т.1, Москва, Советская энциклопедия, 1992, стр. 401
[3] Мифы народов мира, т.1, стр. 403
[4] К. Королев(Автор-состовитель), Энциклопедия символов, знаков, эмблемов, Изд.-во Эксмо, 2005, стр.127

Հեղինակ՝  Սահանուշ ՍԱՀԱԿՅԱՆ

Popular posts from this blog

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին

Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ. 3 : Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին Ըստ Յակուտ ալ-Համավի, Աբուլ-Ֆիդայի, Իբն Շադդադի աշխատությունների , Կազմ.՝ Հ.Թ. Նալբանդյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965