«Քաղաքացիական կրոն» հասկացությունն ունի մի շարք բացատրություններ` կախված նրանից, թե ինչ մեթոդոլոգիական տեսանկյունից ենք դրան մոտենում: Ժամանակակից գիտության մեջ գոյություն ունի «քաղաքացիական կրոն» հասկացության երկու բացատրություն. օրինակ, սոցիոլոգները և քաղաքական մեկնաբանները տարբեր կերպ են բացատրում այս հասկացությունը:
Կրոնի սոցիոլոգիայի շրջանակներում քաղաքացիական կրոնն ընկալվում է իբրև ժողովրդական-ազգային կամ քաղաքական-մշակութային կրոն: Նման ընկալմամբ քաղաքացիական կրոնը ներառում է`
• քաղաքական ճառերում և հասարակական վայրերում Աստծո անվան հիշատակումը,
• հասարակական իրադարձությունների և արարողությունների ժամանակ քաղաքական առաջնորդների կողմից կրոնական տեքստերի ընթերցանությունը,
• նախկին քաղաքական գործիչների երկրպագությունը,
• բարոյական արժեքներ ուսուցանելու նպատակով նախկին առաջնորդների ապրելակերպը վկայակոչելը,
• պատերազմների վետերանների և զոհերի երկրպագությունը,
• քաղաքական առաջնորդների կազմակերպած կրոնական հավաքույթները,
• հասարակական շենքերի պատերին կրոնական խորհրդանշաններ փակցնելը,
• հասարակական շենքերի օգտագործումը` որպես աղոթատեղի:
Շատ հաճախ քաղաքական մեկնաբանները և լրագրողները թերթերում ու ամսագրերում օգտագործում են «քաղաքացիական կրոն» տերմինը` նկատի ունենալով բոլոր երկրներում առկա հայրենասիրական երևույթները: Նմանատիպ երևույթների շարքին են դասվում`
• հասարակական հավաքույթների ժամանակ ազգային օրհներգի երգեցողությունը,
• նվիրվածության երդումը, ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ում գործածվող «երդումը»,
• հայրենասիրական տոների ժամանակ ազգային դրոշի ցուցադրությունը,
• թագավորի թագադրման և նախագահի` իր պաշտոնին անցնելու հանդիսավոր արարողությանը զուգընթաց արարողությունները,
• մեծ առաջնորդների, պատերազմների և այլ հիշարժան իրադարձությունների մասին չափազանցված, միակողմանի, չափից ավել պարզեցված, երբեմն նույնիսկ մտացածին, առասպելացված պատմությունների բազմակի վերարտադրությունը,
• նախկին մեծ առաջնորդների կամ պատմական իրադարձությունների հիշատակումը,
• երկրի, սահմանադրության կամ թագավորի հանդեպ հարգանքի արտահայտումը,
• մահացած քաղաքական գործչի դագաղի հասարակայնորեն ցուցադրումը և այլն:
Հռոմեական կայսրության իշխանությունն առաջին իշխանությունն էր, որն ուներ արտահայտված քաղաքացիական կրոն : Հետաքրքրական է նաև այն փաստը, որ կայսրության առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսը դասական հեթանոսության պրակտիկան պաշտոնապես վերականգնելու փորձ կատարեց: Հունական և հռոմեական կրոններն ազգային-տեղական բնույթ էին կրում: Իր նվաճողական ծրագրերն իրականացնելու համար Օգոստոսը սինկրետիզմի հիման վրա արձաններ էր կանգնեցնում կայսրության տարբեր մասերում, ինչպիսին էր, օրինակ` «խաղաղության զոհասեղան» Արա Պասիսը : Ի՞նչ էր պատկերում այս արձանը. այն, թե ինչպես էին կայսրը և նրա ընտանքիը երկրպագում աստվածներին: Դրանից զատ, նա քաջալերեց նաև Վերգիլիոսի «Էննեադայի» հրատարակումը: Այդ աշխատությունը պատմում էր Հռոմի լեգենդար նախնու` «կրոնապաշտ Էնեասի» մասին` որպես հռոմեական կրոնականության ցայտուն օրինակի: Եվ ինչպես հետագայում կտեսնենք, հռոմեական քաղաքացիական կրոնը կայսեր անձի պաշտամունքի շուրջ քաղաքացիական հնազանդության հասնելու համակարգային մի փորձ էր:
«Քաղաքացիական կրոն» տերմինն իր «Հասարակական պայմանագիր» աշխատության մեջ առաջին անգամ գործածել է Ժան Ժակ Ռուսոն: Նա «քաղաքացիական կրոնը» մեկնաբանում էր որպես կրոնական հավատալիքների ամբողջություն, որոնք, ըստ նրա, գլոբալ բնույթ էին կրում, և դրանք կառավարելու ու խրախուսելու իրավունք ունեին իշխանությունները: Քաղաքացիական կրոնը, նրա խոսքերով, հավատ է աստվածության, հանդերձյալ կյանքի հանդեպ, որում հանճարը պարգևատրվում է, իսկ արատավորները` պատժվում, և վերջապես այն հավատ է կրոնական հանդուրժողականության հանդեպ :
1950 – 1960-ականներին Մարտին Ե. Մարտինի և Ռոբերտ Բելլահի նման գիտնականները փորձեցին հասկանալ ամերիկյան քաղաքացիական կրոնի «դոգմաները» կամ ուսումնասիրել դրանք որպես մշակութային մարդաբանական երևույթ: Այս ենթատեքստում Մարտինը գրում էր, որ ամերիկացիները նոր կրոնին «ընդհանուր առմամբ» հավանություն տվեցին առանց էապես խորանալու այդ հավատքի բովանդակության մեջ : Նա փորձում էր տարբերել «հոգևորական» և «մարգարեական» դերերն ամերիկյան քաղաքացիական կրոնի պրակտիկայում, որոնք գերադասում էր անվանել «հասարակական աստվածաբանություն»: Բելլահը գրում էր, որ քաղաքացիական կրոնը «ամերիկյան ազգի մասին սրբազան հավատքների համակարգված գիտելիք է» : Բելլահն ամերիկյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը և քաղաքացիական օրենքների ստեղծումը, որպես երեք բնորոշ պատմական իրադարձություններ, առանձնացնում էր: Վերջիններս զգալի ազդեցություն են ունեցել Միացյալ Նահանգներում քաղաքացիական կրոնի բովանդակության ձևավորման վրա :
Քաղաքացիական կրոնի նախնական գաղափարներն առաջացել են խոր հնադարում: Դրանց արմատները կարելի է գտնել հին հույների, օրինակ` Պլատոնի մոտ: Քաղաքացիական կրոնի որոշակի տեսակներ գոյություն են ունեցել Հին Հռոմում, Չինաստանում, Ճապոնիայում, ԽՍՀՄ-ում: Այն դեպքում, երբ քաղաքացիական կրոնի հնագույն տիպերում ամուր հոգևոր կապ կար կոնկրետ կրոնի հետ, ԽՍՀՄ-ում այն կապվում էր խորհրդային գաղափարախոսության հետ :
Այս համատեքստում պետք է նշել, որ քաղաքացիական կրոնի գաղափարները զարգանում էին աթեիստական գաղափարներին զուգընթաց, որոնց նշանավոր գաղափարախոսներից կարելի է առանձնացնել Վոլտերին, Ժան Ժակ Ռուսոյին:
Ժամանակակից գիտության մեջ քաղաքացիական կրոնի գաղափարները զարգացրել է Ռոբերտ Բելլահը , որի աշխատանքները հիմնականում վերաբերում էին ԱՄՆ-ի քաղաքացիական կրոնին: Սակայն այս գաղափարները հեշտությամբ ընդհանրացվում են և տեղափոխվում ցանկացած պետություն: Բելլահը գրում է կրոնական չափանիշի գոյության (որը հատուկ է քաղաքական կյանքին) և կրոնական ուղղվածության ընդհանուր բաղադրիչների առկայության մասին, որոնք բաժանվում են կամ կիսվում ամերիկացիների գերակշռող մասով :
ԱՄՆ-ում քաղաքացիական կրոնի վերոհիշյալ պատկերացումները, հայեցակարգերը Ռ. Բելլահը շարադրել է 1967թ. «Դեդալուս» ամսագրում տպագրված «Քաղաքացիական կրոնն Ամերիկայում» հոդվածում և այդ թեմայի շուրջ գաղափարներն այնուհետև զարգացրել այլ աշխատություններում: Բելլահի գաղափարն ըմբռնվեց, լայնորեն քննարկվեց և դրա հետևանքով կա´մ ընդունվեց, կա´մ էլ մերժվեց:
Քաղաքացիական կրոնի սահմանումը Բելլահը կապում էր իր` կրոնների զարգացման փուլերի մասին տեսության հետ : Նա առանձնացնում է կրոնի զարգացման հինգ էտապ` նախնական, արխայիկ (հնադարյան), պատմական, վաղ ժամանակակից, ժամանակակից: Փուլերն առանձնացվում են հասարակության սրբազան համակարգերի կրոնական և քաղաքական սիմվոլների բաժանվածության հիման վրա: Հենց այդ սրբազան սիմվոլներն էլ նա անհրաժեշտ է համարում հասարակության մեջ մարդկանց համախմբման համար: Այդ պատճառով«սեկուլարիզացիայի գործընթացը հանգեցնում է ոչ թե կրոնի ոչնչացմանը, այլ նրա կառուցվածքի և դերի փոփոխմանը» :
Նախնական հասարակության մեջ կրոնը և քաղաքականությունը հստակ չեն զանազանվում:
Արխայիկ հասարակության մեջ քաղաքական իշխանությունը դառնում է զարգացած և կենտրոնացած: Ե´վ կրոնական, և´ քաղաքական ուշադրությունը կենտրոնանում են ղեկավարի անձի վրա, որին հաճախ վերագրվում են աստվածային ծագում և սիմվոլներ:
Պատմական հասարակության մեջ քաղաքականությունը և մշակույթը ստանում են ինքնուրույն իմաստ: Կրոնը նպաստում է բարձրաշխարհիկ հասարակության զարգացմանը, և դրա հետևանքով առաջանում են երկու փոխներգործող սիմվոլների համակարգեր, որոնք համեմատելի են կրոնական և բարձրաշխարհիկ նշանակության իմաստով:
Վաղ ժամանակակից կրոնում ի հայտ է գալիս այլաշխարհային գաղափարը, որն էլ հենց դառնում է կրոնական գործունեության գլխավոր ոլորտը: Դրա վառ օրինակը, Բելլահի կարծիքով ,Ռեֆորմացիան է :
Ժամանակակից կրոնում ավանդական կրոնականությունը դառնում է բացառապես անձնական հարց, որն էլ կազմում է քաղաքացիական կրոնի հիմքը:
Ռ. Բելլահի գաղափարները առավել առարկայական դարձնելու համար բերենք մի շարք օրինակներ: Ամերիկացիներից շատերն այցելել են Վաշինգտոնում գտնվող Ազգային արխիվների թանգարան` տեսնելու Անկախության հռչակագրի և Սահմանադրության կրկնօրինակները: Այստեղ հելիումով լցված հատուկ պաշտպանիչ ապակե պահարանում դրանք գտել են իրենց հանգրվանը: Ամեն գիշեր դրանք իջեցվում են պողպատե նկուղ, որտեղ մետաղե հաստ շերտերը կանխում են որևէ դժբախտ պատահար կամ սաբոտաժ: Այնուհետև մյուս օրը նրանք նորից բարձրանում են այցելուներին հիացնելու համար: Համարյա բոլոր ամերիկացիները հիշում են դպրոցական տարիներին ամեն առավոտ արտասանած խոսքերը. ուսուցիչներն ու աշակերտները կանգնում են` նայելով ամերիկյան դրոշին` յուրաքանչյուրը ձեռքը սրտին, և երաշխավորում իրենց նվիրվածությունը դրոշին և «հանրապետությանը, որի համար այն բարձրացվում է» : Բոլորը մասնակցում են երդման արարողությանը, բացառությամբ Եհովայի վկաների:
Այս խոշոր կրոնական կազմակերպության անդամները հրաժարվում են ողջունել ամերիկյան դրոշը: 1940թ. վիճելով Գերագույն դատարանի առջև` Վկաները պնդում էին, որ նվիրվածության երդումը կռապաշտություն է, երկրային իշխանության մեծարանք, այն էլ այն մարդկանց կողմից, որոնք դաշինք են կնքել Աստծու հետ` կատարելու նրա կամքը : Այլ խոսքերով ասած` Վկաներն ասում էին, որ նվիրվածության երդումը կրոնական գործողություն էր և, որպես այդպիսին, հակասում էր իրենց հավատքի պահանջներին: Վկաների այս վիճաբանությունը առիթ է վերանայելու վերոհիշյալ արարողությունները: Հռչակագրի և Սահմանադրության հանդիսավոր պաշտպանումն ու երկրպագումը, ազգային հիմնի երգեցողությունն ու նվիրվածության երդումն իրենց լրջությամբ և մտածվածությամբ կազմակերպված կրոնի մի ամբողջ համակարգ են: Այս ծեսերն օգնում են մարդկանց առավել ցայտուն դրսևորել իրենց վերաբերմունքը պետության սիմվոլների նկատմամբ:
Այն համակարգը, որի դեմ պայքարում էին Եհովայի Վկաները, բազմաթիվ գիտնականների կողմից ստացել է քաղաքացիական կրոն անվանումը: Քաղաքացիական կրոնը կարելի է բնութագրել տարբեր կերպ, սակայն այն սովորաբար վերաբերում է եկեղեցիներին, համատեղ գոյություն ունեցող կրոնական համակարգերին, որոնք ունեն իրենց աստվածաբանությունը (դավանանքը), բարոյականությունը (կոդը) և ծեսերն ու այլ նմանատիպ սինվոլներ (երկրպագություն), որոնք, սակայն, սերտորեն կապված են պետության քաղաքականության հետ : Համառոտ քաղաքացիական կրոնը կարելի է անվանել նաև կրոնական ազգայնամոլություն: Նշեցինք, որ պատմականորեն «քաղաքացիական կրոն» տերմինը գործածել է Ժան Ժակ Ռուսոն (1712-1778) «Ֆրանսիայի Լուսավորականության» մեջ, այդուհանդերձ, տերմինը բացառապես մեկ իմաստ է ունեցել մինչև 1967թ.: Այն երկակի իմաստ սկսեց ձեռք բերել Արևմտյան մշակույթի ձևավորմանը զուգընթաց:
Հին Իսրայելն իր իշխանությունն աստվածապետական էր համարում, բառացիորեն իշխանություն Աստծու հետ, որ իրականացվում էր Նրա ներկայացուցիչների միջոցով: Պետության տեսանկյունից կրոնական և քաղաքական հաստատությունները միավորվեցին, և մեկ անձ` խարիզմատիկ առաջնորդը կամ ավելի ուշ` թագավորը, պատասխանատվություն էր կրում թե´ մեկի և թե´ մյուսի համար : Նույնիսկ ավելին, Իսրայելի Աստվածը համարվում էր իրական թագավոր, որը ղեկավարում էր Իր օրենքների և այն դաշինքի համաձայն, որը Նա կնքել էր ժողովրդի հետ: Մինչ Իսրայելի հետ աստվածային դաշինքի կնքումը պատերազմող թագավորներն այլ դաշինքներ էին կնքում` միմյանց միջև հարաբերություններ հաստատելու նպատակով: Եվ, ուրեմն, դաշինքը քաղաքական համաձայնություն էր, իսկ թագավորը այսպես կոչված քաղաքական մարմին, որը կառավարում էր` իշխանություն հաստատելով որևէ տարածքի վրա: Ուստի, աստվածաշնչյան Աստծու կայսրությունը եբրայական պետությունն էր: Սկսած այդ պահից` գնալով ընդլայնվում էր Աստծու վերաբերյալ եբրայական ընկալման տեսադաշտը, և դա ի վերջո հանգեցրեց այն բանին, որ Աստծու կայսրության սահմաններն ընդգրկեցին ամբողջ տիեզերքը :
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաստատված կրոնների մեծամասնությունը քրիստոնեական արմատներ ունի և կապվում է Իսրայելի պատմության հետ: Սակայն արևմտաեվրոպական մշակույթի ձևավորման գործում երկրորդ խոշոր աղբյուր է համարվել հունա-հռոմեական մշակույթը: Այն ժամանակ, երբ Հռոմն իշխում էր Միջերկրական աշխարհի վրա, Հռոմեական կայսրությունը համարվում էր իդեալական կյանքի արժեչափ` «հռոմեական ապրելակերպ» : Ինչ վերաբերում է կայսրին, ապա կարելի է ասել, որ նա բոլորի ուշադրության կենտրոնում էր: Ասում էին, որ բոլոր հռոմեացիների և նվաճված ազգերի առաջնորդ կայսրն ուներ «հոգևոր կրկնակ», որին անվանում էին նրա «ոգին» : Հռոմեացիները կայսրի ոգին աստվածային էին համարում և կայսրության տարածքում բնակվող մարդկանցից պահանջում էին մասնակցել կայսրին նվիրված արարողությանը, որն անցկացվում էր տարին մեկ և երկրպագության ու մեծարանքի մի ամբողջ ծիսակատարություն էր: Այս կերպ բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբերից բաղկացած ահռելի կայսրությունը պահպանում էր իր ամբողջականությունը: Այսպես, «հռոմեական ապրելակերպը», որը բաղկացած էր կայսերապաշտական արարողություններից, կարծես «սոցիալական ցեմենտ» լիներ, որի առաքելությունն էր հազարավոր մարդկանց միմյանց շաղկապելը:
Միջնադարյան Եվրոպան նույնպես վարում էր կրոնա-քաղաքական միության քաղաքականություն: Պետք է նշել, որ քրիստոնեությունը նպաստեց եվրոպացիների միավորմանը, և դրա հետևանքով կրոնը դարձավ ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնապաշտական ակտ: Նույնպիսի օրինակ կարող են ծառայել նաև Հյուսիսային Ամերիկայի բնիկները, որոնք ունեին իրենց ավանդական քաղաքացիական կրոնը: Հետագայում Միացյալ Նահանգների «սոցիալական ցեմենտը» դարձավ պուրիտանական կամ մաքրակրոնական կրոնը, որը միախառնված էր պետության քաղաքականությանը: Ավելին, Բենջամին Ֆրանկլինը դեռևս 1749թ. խոսում էր «հասարակական կրոնի» անհրաժեշտության մասին : Քառորդ դար անց` ԱՄՆ-ի ձևավորման նախաշեմին, հասարակական ու քաղաքական գործիչները առանձնակի ուշադրություն դարձրին նոր պետության մեջ կրոնի դերի ու տեղի հիմնախնդիրներին:
Քաղաքացիական կրոնի առաջացման այս երկու գործոնները, որոնք առաջացել էին Արևմտյան հասարակության շրջանակներում, անկարելի է անտեսել: Առաջինը եբրայական օրինակն էր, որի մեջ տեսանք, թե ինչպես է արյունակցական, պատմական և լեզվական կապերով կապված ազգը ինքնարտահայտվում` համատեղելով կրոնական և քաղաքական գործողություններն ու գաղափարները: Երկրորդը հռոմեական օրինակն էր, որտեղ տարբեր ազգեր միավորվել էին այսպես կոչված արարողությունների և իդեալների միջոցով և շուրջ: Հռոմեական մոդելը բավական հաջող կրկնօրինակեց միջնադարյան Եվրոպան: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում քաղաքացիական կրոնի ձևավորմանը, կարելի է ասել, որ յուրաքանչյուր մոդելից այն վերցրել է ինչ- որ մի մասնիկ: Այդ է պատճառը, որ դրա բնույթը և յուրահատուկ պատմությունը դժվար է մանրամասնորեն նկարագրել: Միայն կարելի է հստակ մի բան ասել. քաղաքացիական կրոնն իր բազմաթիվ դրսևորումներով նպաստել է մեկ պետության մեջ բնակվող տարբեր ազգերի միավորմանը:
Սակայն այստեղ կարևոր է տարբերակում մտցնել մի շարք հարցերի կապակցությամբ: Քաղաքական պետություն, ինչպիսին է, օրինակ` ԱՄՆ-ը, նշանակում է քաղաքացիական իշխանություն, որի իրավասության մեջ են մտնում տարբեր էթնիկ և կրոնական խմբեր: Ազգը ուղիղ իմաստով մի խումբ մարդկանց միություն է, որոնք միմյանց հետ կապված են ընդհանուր լեզվով, պատմությամբ և իրական կամ գոյացած արյունակցական կապերով : Ազգային պետություն նշանակում է ազգ, որն ունի պաշտոնական և քաղաքական կարգավիճակ, իսկ իշխանությունը ենթարկվում է մեկ ազգի: Ժամանակակից Ճապոնիան այսպիսի ազգային պետության օրինակ է:
Վերը նշված պարբերություններում ԱՄՆ-ի մասին խոսելիս հաճախ գործածվեց «ազգ» բառը: Սակայն այստեղ բառերն ընտրելիս պետք է առավել զգույշ լինել: Քաղաքացիական կրոնն այս երկրում ազգ և ազգային պետություն ստեղծելու մի փորձ էր` մասամբ հիմնված անգլիական պուրիտանների ազգային ժառանգության վրա, մասամբ էլ ավելի գլոբալ «Լուսավորականությունից» վերցրած սիմվոլների վրա, և մասամբ էլ այն սիմվոլների միջոցով, որոնք առաջացել էին ամերիկյան քաղաքական պատմության էջերից դուրս : Դրա հետ մեկտեղ տարիներ անց տեսնում ենք, որ ամերիկացիները չեն ընդունում ո´չ անգլիական պուրիտանների ազգային սովորույթները, ո´չ էլ նախկինում այդ տարածքներում բնակվող մարդկանց, այլ կերպ ասած` իրենց նախնիների պատմությունը: Միևնույն ժամանակ, «Լուսավորականությունը», որպես մշակութային երևույթ, մնաց անցյալում: Ուստի քաղաքացիական կրոնը որոշ չափով կորցրեց իր իմաստը: Չնայած դրան, իր նրբերանգներով հանդերձ, քաղաքացական կրոնը կարևոր օրինակ է, քանզի ԱՄՆ-ում այն ծառայում է որպես միասնության կրոն:
Քաղաքացիական կրոնն Ամերիկայի պատմության ընթացքում զարգացել և բազմիցս փոփոխվել է: Չնայած որ քաղաքացիական կրոնը նշանակություն ստացավ 17-18-րդ դարերում, դրա ազդեցությունն առավել զգալի էր պատերազմի տարիներին: Եվ արդեն այն ժամանակ, երբ Ջորջ Վաշինգտոնը ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, քաղաքացիական կրոնի հիմքերն արդեն իսկ դրվել էին : Որո՞նք էին այդ հիմքերը: Ինչպես արդեն վերը նշվեց, քաղաքացիական կրոնի արմատները Նոր Անգլիայում տարածված պուրիտանիզմի մեջ են, սակայն պետք է նշել, որ դրանց հիմքը կազմել են հատկապես պուրիտանիզմը և հեղափոխական պատերազմին մասնակցության գաղափարախոսությունը: Այս կերպ պուրիտանական անցյալն ուրիշ իմաստ ստացավ, ավելի շատ կապվեց «Լուսավորականությանը» և վերջապես միացավ պատերազմում ամերիկացիների գործողությունների շնորհիվ ստեղծված պատմական ավանդույթին: Այդ գործողությունները մեծ մասամբ մեկնաբանվում էին որպես հազարամյա դարաշրջանի սկիզբ : Մենք առաջին հերթին կքննարկենք պուրիտանիզմը քաղաքացիական կրոնի տեսանկյունից, իսկ այնուհետև կանդրադառնանք հեղափոխական պատերազմի դարաշրջանին:
Այն տարածքը, որն անվանվում է Նոր Անգլիա, գաղութացրել էին անգլիացի պուրիտանները (մաքրակրոնները) , որոնք իրենց հետ ներմուծեցին տարատեսակ արժեքներ, մշակույթ և կենսակերպ : Ամերիկա ներգաղթած պուրիտանների միջև գոյություն ունեին տարաձայնություններ, և չնայած դրան, նրանք տենչում էին բաղձալի բարձունքներ գրավել նոր երկրում: Նրանք դաստիարակվել էին` լսելով զանազան պատմություններ բողոքական մարտիրոսների մասին, որոնք կաթոլիկ Մերի I-ի (Արյունոտ Մերի` 1553-1558թթ.) օրոք իրենց համոզմունքների համար չարչարվել և մահացել էին: Նրանք այս պատմություններն ըմբռնել էին որպես Աստծու և Սատանայի միջև տեղի ունեցող անվերջ պայքարի ապացույց, իսկ Անգլիան համարում էին այն տարածքը, որտեղ տեղի էր ունենում այդ պայքարը:
Երբ նրանք Անգլիայից ներգաղթեցին Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափի տարածքներ, ներկայացան որպես «կիսաընտրյալ Անգլիայից» ժամանած իրական ընտրյալ ժողովուրդ: Ոգեշնչված բողոքական մարտիրոսներով` պուրիտաններն առավել հստակ ուրվագծեցին իրենց գործողությունների պլանները: Այն դաշինքը, որ պուրիտանները կնքել էին իրենց Աստծու հետ, կապ էր, որն արտահայտում էր Նրա առջև իրենց ընտրյալ կարգավիճակը: Նրանք կարծում էին, որ պուրիտանների դրախտ ընկնելը նախասահմանված է, և որպես տեսանելի սրբեր, նրանք պետք է զբաղվեն երկրի վրա աստվածային գործն իրականացնելով, որը պուրիտաններն ընկալում էին երկու ձևով.
ա) նրանք կարծում էին` պետք է օրինակ ծառայեն ամբողջ աշխարհին, որ մարդիկ տեսնեն Աստծու ընտրած հասարակությունը, որում ճշմարտությունը հաղթանակել էր, իսկ մեղքը` ընդմիշտ պարտվել:
բ) Նրանք հավատացած էին, որ ստանձնել են իրենց ավետարանի իմաստը տարածելու առաքելություն: Եվ քանզի պուրիտանական հասարակության նպատակն այդ ավետարանը «կենդանացնելն» էր , այլ կերպ ասած` մարդկանց առօրյա կյանքի մեջ մտցնելը, ապա այստեղից կարելի է ենթադրել, որ նրանց առաքելության շրջանակների մեջ էր մտնում նաև «համոզել ուրիշներին ապրել այնպես, ինչպես ապրում էին նրանք` պուրիտանները»:
Պուրիտանների քարոզներն արտահայտում էին ուրիշներին օրինակ ծառայելու գաղափարը և ունեին հետևյալ բացատրությունը. «Պետք է աշխատել առավելագույնս նմանվել նորանգլիական հասարակությանը և նրա մասին խոսել ինչպես աշխարհը լուսավորող մի հասարակության» : Քարոզներում շեշտը դրվում էր ինչպես ճակատագրի, այնպես էլ վայրի միջավայրում կարգ ու կանոն հաստատելու վրա: Այս երկու խնդիրները` օրինակ ծառայելն ու առաքելություն իրականացնելը, ընկալվում էին իբրև պարտականություններ, որոնք հաստատվել էին պուրիտանների` Աստծու հետ կնքած դաշինքով:
Երբ երևան եկան պուրիտանական երրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները, նրանք երկրով մեկ տարածեցին այն գաղափարը, որ աշխարհի օրերը հաշված են: Նրանց կարծիքով` իրենց վկայությունը մեղսալից աշխարհի համար հավանաբար վերջին հնարավորությունն էր` հաղթահարելու Նեռի մոլորությունները և ըմբռնելու Ավետարանի ճշմարտությունը: Կարճ ասած` պուրիտանները համակված էին այն մտքով, որ չէին կարող ժամանակ կորցնել:
Ամերիկայում քաղաքացիական կրոնի զարգացման համար կարևորվում են հենց այս թեմաները, քանի որ դրանք բոլորն էլ ընկալվում էին քաղաքական տեսանկյունից: Այլ կերպ ասած` պուրիտանական Նոր Անգլիան աստվածապետություն էր` եկեղեցա-պետական միավորում, որում իշխանությունը «սրբերի» (բայց ոչ հոգևորականության) ձեռքում էր : Այս սրբերը կամ, այլ խոսքերով ասած, եկեղեցու լիովին վերափոխված անդամները կառավարում էին նորանգլիական գաղութները հանուն նրանց, ովքեր կապված էին քաղաքացիական և քաղաքական դաշինքով, թեև քաղաքական դաշինքի ոչ բոլոր անդամներն էին նաև «փառքի» (եկեղեցական դաշինք) դաշինքի անդամներ: Հասարակության իդեալը հետևյալն էր` երկուսը պետք է լինի մեկ: Ավելին, պուրիտաններն իրենց կալվինիստական ծագումնաբանությամբ, որպես օրինակ օգտագործելով եկեղեցական դաշինքը, կազմում էին քաղաքական դաշինք: Իշխանությունը նրանց համար Աստծու անտեսանելի ձեռքն էր, որ գործում էր Նրա տեսանելի սրբերի միջոցով: Չնայած այն բանին, որ պուրիտանները կարծում էին` Նոր Անգլիայում կարող էին լինել և կային մեղսագործներ, այնուամենայնիվ պնդում էին, որ գաղութները, որպես հասարակական և քաղաքական համայնքներ, պետք է սուրբ լինեն: Պուրիտանների աշխարհայացքում քաղաքացիականը և կրոնականը միաձուլվել էին: Այս կերպ իրականացավ սովորական և «արտառոց» կրոնների միավորումը:
Վերը նշվածից տեսնում ենք, որ պուրիտանական հասարակությունը նմանություններ ունի քրիստոնեական հինկտակարանական հասարակության հետ: Չնայած որ պուրիտանները խուսափում էին նմանություններից, այնուամենայնիվ նրանք իրենց համարում էին Նոր Իսրայել: Ավելին, պուրիտանները զուգահեռներ էին տանում իրենց և հին հրեաների պատմության միջև: Այլ կերպ ասած` եթե բոլոր ժողովուրդներն իրենց ծագումնաբանության վերաբերյալ ունեն սրբազան և ավանդական մոտեցումներ, ապա հին հրեաների և 17-րդ դարի պուրիտանների մոտեցումները որոշ ասպեկտներով նման էին: Հրեաների նմանողությամբ պուրիտաններն իրենց համարում էին ընտրյալ ու տառապյալ ժողովուրդ :
Պուրիտաններն իրենց տառապյալ էին համարում հետևյալ պատճառներով.
ա) նրանք չարչարվում էին օտար ուժերի կողմից, ինչպես նրանց նախնիները Մարի I-ի օրոք, քանի որ հալածվում էին Անգլիայի եկեղեցու կողմից: Հենց այդ պատճառով էլ նրանք ստիպված էին բնակություն հաստատել Հյուսիսային Ամերիկայում: Սակայն այստեղ էլ նրանք շրջապատված էին «վայրենիներով», այսինքն` հնդկացիներով, որոնք սատանայի թիմակիցն էին:
բ) Պուրիտանները տառապում էին սեփական հոգիների կեցությունից: Նոր Անգլիայում հասարակական քարոզներում պուրիտաններին սկսել էին ներկայացնել որպես մեղսագործներ: Քարոզիչները զգուշացնում էին, որ նրանք չեն կատարում իրենց` Աստծու հետ կնքած դաշինքով սահմանված պարտականությունները, և այդ պատճառով էլ նրանց սպասվում էին բազմաթիվ անհաջողություններ:
Հետաքրքրական է այն փաստը, որ պուրիտանները կամ այսպես կոչված «տեսանելի սրբերը» պետք է նկատած լինեին, որ և´ իրենք, և´ իրենց ընկերները երբեմն ամենևին էլ չէին դրսևորում սրբազան վարքագիծ : Բոլոր մարդկանց պես նրանք թույլ էին տալիս սխալներ:
Ուստի, պուրիտանական տեսակետների միջև առաջացել էր հակասություն` կապված իրենց նախասահմանված դերի և իրականության հետ: Հարկ է կարևորել վերոհիշյալ երկու երևույթների միջև կապը, որովհետև Ամերիկայի քաղաքացիական կրոնի պատմության նախատիպն է պուրիտանական պատմությունը: Երբ ամերիկացիները դարձան ընտրյալ ազգ, նրանք պարբերաբար մատնանշում էին իրենց անմեղությունը, այնուհետև զգում մեղավոր: Մի կողմից` քրիստոնեական Աստվածն էին և Նրա սրբերը, մյուս կողմից` սատանան և նրա գործակալները: Դուալիստական այս աշխարհի իրականությունը բաղկացած էր սուր ծայրահեղություններից, որոնք էին բարին և չարը, դրախտն ու դժոխքը, ճշմարտությունը և ստախոսությունը: Նույնիսկ ավելին, պուրիտանները կարողանում էին մատնանշել աստվածային և մարդկային գործողությունների յուրահատուկ կարևորությունը, որն, ըստ նրանց, կտրականապես հակասում էր սովորական ամենօրյա կյանքին:
Քաղաքացիական կրոնը ծնվեց ամերիկյան հեղափոխության դարաշրջանում` սկսած սկզբնական գործողություններից մինչև պատերազմը և վերջացրած 1789թ. Սահմանադրության ընդունմամբ:
Մինչ ֆրանսիական և հնդկական պատերազմների ավարտը, որը տեղի ունեցավ 1763 թ., ամերիկացիներն անգլիացի զինվորներին երախտագիտությամբ էին վերաբերվում և հպարտ էին բրիտանական արտերկրյա կայսրության մասնիկը լինելու համար: Սակայն այժմ բարու և չարի միջև պայքարում նրանք բրիտանացիներին համարում էին սատանայի զորք: Հետաքրքրականն այն է, որ կատարվում էին այնպիսի համեմատություններ, որոնք շատերի կողմից անընդունելի էին. օրինակ` ամերիկացիները «մեր Իսրայելն» էին, իսկ բրիտանացիները` աստվածաշնչյան Ելից գրքում պատմվող եգիպտացիները , որոնք, ինչպես հայտնի է, հալածում էին իսրայելցիներին: Եվ ապա ամերիկացիների պատմության էջերում հանդիպում ենք իրենց իսկ երկրում հալածված և ճնշված բազմաթիվ հայրենասերների: Եվ այդ պատճառով կարելի է համարել, որ ամերիկացիները արդար էին գործում` ձգտելով ազատություն վաստակել:
Նույնը տեսնում ենք նաև պատերազմի ժամանակ, երբ մարդկանց արարքներն արդարացվում էին ինչ- որ մի բան վերականգնելու կամ վերադարձնելու գաղափարներով: Ամենուրեք աշխուժություն էր տիրում: Այդ ալիքն իր հետ տարավ նաև հասարակությանը: Հայրենասերները գործում էին եռանդով, խոսում էին խնամքի և զգուշության, ինչպես նաև ավելի զգոն դառնալու անհրաժեշտության մասին: Հոգևորականները լքում էին իրենց եկեղեցիները` պատերազմին մասնակցելու համար: Ջորջ Վայթֆիլդի գերեզմանին այցելելուց հետո միայն ամերիկյան բանակը շարժվեց դեպի Կվեբեկ: Զարմանալին այն էր, որ բրիտանացիները տալիս էին բազմաթիվ կորուստներ, այնինչ ամերիկացիները հազիվ թե զոհեր ունեցան :
Սենսացիոն իրադարձությունների և ճոռոմաբանական շրջանակներից դուրս ամերիկացիներն ստեղծում էին քաղաքացիական կրոն, որի կաղապարի ներքո գործելու միակ միջոցն էին ճարպկությունը և վճռականությունը: Աստվածաշնչյան Աստծու պես հայրենասեր ամերիկացիները պետք է հիշարժան սխրանքներ գործեին` իրենց գործողություններին իմաստ հաղորդելու համար : Եվ ահա տեսնում ենք, որ ամերիկացիներին նույնպես բնորոշ էր մելամաղձությունը:
1717 թ. Ջոն Վայզը կարծում էր, որ քաղաքացիական ուժը գալիս էր այն մարդկանցից, ովքեր բնույթով ազատ և հավասար էին: Մյուսները, հատկապես գաղութատերերը, «ազատ մասոնականության» միջոցով ծանոթացան բնության օրենքներին և բնության Աստծուն: Այս տեսանկյունից բնության Աստվածը մտնում էր քաղաքական կյանք, քանզի կառավարչի պաշտոնը ենթադրում էր պետական խնդիրներ: Ինչևէ, գաղութարարների համար իդեալական կառավարիչը այն մարդն էր, որն ինչքան հնարավոր է քիչ էր միջամտում, դրա փոխարեն թողնելով ամերիկացիներին զբաղվել սեփական գործերով: Այսպես հայրենասեր ամերիկացիներն արդեն պատկերացում էին կազմել քաղաքական «չմիջամտող կառավարիչ Աստծու» մասին, որը նման էր բնության Արարիչ Աստծուն. բնության արարումից հետո Նա այլևս չէր փոխել կամ միջամտել բնության օրենքներին:
Այժմ հարկ է խոսել ամերիկյան հեղափոխության ժամանակաշրջանում քաղաքացիական կրոնի մեջ ներգրավված մեկ այլ շատ կարևոր գործոնի մասին: Այդ գործոնը Մեծ Բրիտանիայի հետ պատերազմի պատմության շրջանակներից դուրս ամերիկացիների «ինքնաստեղծումն» էր :
Անգլիայում և այլուր տարածված էր «Ազատության ծառի» շուրջ արարողություններ կատարելը: Հեղափոխական գաղափարներ խորհրդանշող այդ ծառերին գաղութաբնակներն առավել զգուշությամբ էին վերաբերվում: Օրինակ` Բոստոնում դա քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող մի հսկա ծփի էր: Այլ քաղաքներում և գյուղերում կարելի էր հանդիպել նմանատիպ օրինակների: Երբեմն անհատներն այս կամ այն ամերիկացի կամ անգլիացի ղեկավարի բացասական կարգավիճակը ներկայացնելու համար նրանց պատկերները կախում էին ծառից: Երբեմն էլ այս ծառերի ճյուղերի ներքո կարելի էր բազմամարդ խմբեր տեսնել և նույնիսկ լսել բարձրաձայն արտասանված ազատության կոչեր: Գաղութաբնակները «սատանայական» չարությամբ էին պատմում այն մասին, թե ինչպես էին բրիտանացի զորքերը ոչնչացնում քաղաքների «Ազատության ծառերը»:
Սակայն ամերիկացիների երկրպագած «աստվածահավասար» ամենամեծ սիմվոլը Ջորջ Վաշինգտոնն էր (1732-1799) , որին հեղափոխական ժամանակաշրջանում մարդիկ աստվածային մարդ էին համարում: Ինչևէ, Վաշինգտոնի կերպարում նրանք տեսան մի անձնավորության, որը կյանքից ավելի «մեծ» էր թվում և կկարողանար միավորել իրենց: Հետաքրքրականն այն է, որ ամերիկացիները կարծում էին` միայն աստվածային մարդը կարող էր դա անել: Եվ այսպիսով Վաշինգտոնը նույնիսկ իր կյանքի ընթացքում արդեն կուռք էր դարձել: Պահվում էին նրա մազի նմուշները, երեխաներին նրա անունով էին անվանակոչում, և առասպելներ էին հյուսվում նրա շուրջ` որպես պատերազմի առաջնորդի:
Զարմանալիորեն Վաշինգտոնին իր ժամանակակիցները համեմատում էին և´ հրեական, և´ հռոմեական հերոսների հետ: Նրան համարում էին իր ժողովրդի Մովսես, որը հրեաներին ազատեց եգիպտացիների ստրկությունից: Երբեմն էլ նրան Ցինցինատուս էին անվանում. հռոմեացի հրամանատար, որ լքեց իր տունը` կռվելու իր երկրի համար, իսկ հետո, երբ խնդիրը լուծվեց, նա գցեց թուրը և վերադարձավ իր ֆերման : Թե´ հրեական և թե´ հռոմեական կերպարների հետ այս երկակի նմանությունը, ինչպես արդեն նշել ենք, արտահայտում էր ամերիկյան քաղաքացիական կրոնի բարդ համակարգը: Իսրայելի քաղաքացիական կրոնի նման այն զարգանում էր ազգային մշակույթից, այս պարագայում բողոքականությունից դուրս:
Պետք է նշել, որ արդեն 19-րդ դարում «Ազատության ծառը», որպես քաղաքացիական կրոնին նվիրված արարողությունների կենտրոն, ամբողջովին կորցրեց իր նշանակությունը, քանզի այդժամ ամերիկացիներն իրենց ամբողջ ուշադրությունը սևեռել էին Ջորջ Վաշինգտոնի վրա: Նրա կերպարի շուրջ առաջացած կուռքը ծաղկում էր, ապրում , և նույն երևույթը տեղի էր ունենում նաև հեղափոխությունից հետո առաջացած քաղաքացիական կրոնի մյուս երկու գլխավոր սիմվոլների` Անկախության հռչակագրի և Սահմանադրության հետ: Հարկ է խոսել նաև այն մասին, որ հեղափոխական ժամանակաշրջանում հենց ազատության ազդարարման գործողությունն էր, որ մեծարվում էր, և ոչ թե «անկախության փաստաթուղթը» : Այս օրինակի պես կարևորվում էին սահմանադրություն կազմելու գործընթացը և ոչ թե այն կազմելու համար օգտագործված գրիչը, թանաքը կամ թուղթը: Ջոն Ադամսը կարծում էր` ապագա սերունդները պետք է տոնեն հուլիսի 2-ը (այն օրը, երբ Կոնգրեսը հռչակեց անկախությունը), այլ ոչ թե փաստաթղթի պաշտոնապես հաստատման օրը` հուլիսի 4-ը:
Կոնգրեսի կողմից անկախության հռչակումից հետո Անկախության հռչակագիրը հանդիսավոր ընթերցվեց ամբողջ գաղութով մեկ: Բնական է` ամերիկացիների երջանկությանը չափ և սահման չկար. ամենուրեք լսվում էին թնդանոթների ձայները, ուրախության ճիչերը չէին դադարում, բոլոր ամերիկացիները բաժակ էին բարձրացնում այդքան սպասված անկախության համար: 1778 թ. Կոնգրեսը հուլիսի 4-ը պաշտոնապես հաստատեց որպես անկախության հռչակման օր: Մեկ տարի անց այն հոգևորականներին կարգադրեց իրադարձությանը հարիր քարոզներ պատրաստել: Հետագա տասնամյակում ամերիկացիները նույնպիսի խանդավառությամբ էին նշում նաև Սահմանադրության հռչակման օրը: Հարգանքի տուրք մատուցելու համար նորաստեղծ պետության մայրաքաղաքներում կազմակերպվում էին հսկայական սահմանադրական շքերթներ:
Ամերիկյան հեղափոխությունը, դառնալով ամերիկյան քաղաքացիական կրոնի հիմնական աղբյուրը, պատմության մեջ մտավ որպես ծագումնաբանական սրբազան մի հեքիաթ:
2003-2007թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: Մեկ տարի սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` ուսումնասիրելով ԱՄՆ-ի կրոնական խճանկարը և քաղաքացիական կրոն հասկացությունը: Մի շարք գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է
Աղբյուր՝ http://www.religions.am/