Այսօր ողջ Եվրոպայում բնական երևույթ է տեսնել հիջաբով կանանց, փողոցներում, խանութների և վաճառասեղանների վրա արաբերեն կամ այլ միջինարևելյան լեզվով գրվածքներ, Միջին Արևելքից կամ մուսուլմանական այլ երկրներից բերված ապրանքներ. հնարավոր են նաև մուսուլմանների բազմահազարանոց բողոքի ակցիաներ: Սա «նոր» Եվրոպան է, որտեղ անընդհատ աճող մուսուլմանական բնակչությունն իր ազդեցությունն է թողնում եվրոպական հասարակության վրա։
Դժվար է հստակ տվյալներ հրապարակել եվրոպական երկրներում մուսուլմանների թվի վերաբերյալ. նախ` հենց եվրոպական երկրներում երբեմն մարդահամարի իրական տվյալների չհրապարակման, երկրորդ՝ այդ պատկերի անընդհատ փոփոխման պատճառով (մուսուլմանների թիվն օրեցօր ավելանում է ոչ միայն ներգաղթի, այլև մուսուլմանների շրջանում բարձր ծնելիության շնորհիվ)։ Սակայն պետք է նշել, որ վիճակագրական տվյալները հիմնականում վերցվում են ԱՄՆ-ի վարչակազմի և Եվրոպական միության յուրաքանչյուր երկրի բնակչության վիճակագրական տվյալներից։ Ակնհայտ է, որ չափազանց կարևոր է իմանալ առկա պաշտոնական մոտավոր թվաքանակը և հետագա աճի աղբյուրներն ու միտումները` ներկայում ընթացող և սպասվելիք գործընթացները հասկանալու համար։
Մուսուլմանական ամենամեծ համայնքը ԵՄ երկրներից Ֆրանսիայում է՝ մոտ 6 միլիոն, ապա՝ Գերմանիայում՝ 3,5 միլիոն, Մեծ Բրիտանիայում՝ 1,5 միլիոն և Իտալիայում՝ 1 միլիոն և այլն:
Այսօր իսլամը Եվրոպայում համարվում է ամենաարագ աճող կրոններից մեկը: Գերմանիայում գտնվող Սոեստի իսլամական արխիվների կենտրոնական ինստիտուտի տվյալներով` իսլամի հետևորդների՝ իսլամական կենսաձևով ապրողների թիվը տարեցտարի աճում է: Վերջին տարիների տվյալներով նրանց թիվն ավելացել է 10 տոկոսով:
Ըստ որոշ վերլուծությունների` ներգաղթողների հոսքերի և բնակչության ծնելիության բարձր աստիճանի շնորհիվ վերջին երեսուն տարիներին երկրամասի մուսուլման բնակչությունը եռապատկվել է։ Շատ դեմոգրաֆներ կանխատեսում են նման և նույնիսկ ավելի բարձր աճ հետագա տարիներին։ Յուրաքանչյուր տարի օրինականորեն մեկ միլիոն ներգաղթողներ են մուտք գործում Եվրոպա` հիմնականում իբրև փախստականներ, կամ ընտանիքի վերամիավորման վիզաներով (հիմնականում Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, Թուրքիայից և մուսուլմանական այլ երկրներից)։
Պետք է նշել նաև, որ մուսուլմանները մեծ թիվ են կազմում նաև ոչ օրինական ճանապարհով ներգաղթողների մեջ՝ տարեկան մոտ կես միլիոն։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ այս ամենը տեղի է ունենում տեղացիների բնակչության ծնելիության ցածր աստիճանի ֆոնի վրա. եվրոպական երկրներում պահանջվող ծնելիության ցուցանիշը 2,1 է, իսկ ներկայում այն կազմում է միջինը 1,45։
Այսօր ԵՄ 27 երկրներում 16 միլիոն մուսուլման բնակչության և այդ երկրներում բնակվող աշխարհիկ հասարակությունների միջև եղած տարբերությունները շատ հաճախ են հանգեցնում տարըմբռնման, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության և նույնիսկ բռնությունների:
Եվրոպական երկրներում մուսուլմանների հետ կապված խնդիրները բազմաթիվ են: Մենք փորձել ենք դասակարգել և առանձնացնել հետևյալ խնդիրները.
• Ներգաղթ և ինտեգրում,
• Դիսկրիմինացիա և քսենոֆոբիա,
• Քաղաքական դիսկուրս և ընտրություններ,
• Գենդերային հարցեր և հիջաբ,
• Ներկրոնական և բազմամշակութային ներգրավվածություն,
• Հասարակական կարծիքը և իսլամը ԶԼՄ-ներում,
• Անվտանգություն և հակաահաբեկչություն,
• Կրթություն,
• Իսլամական պրակտիկա-վարքագիծ և օրենսդրություն,
• Իսլամական քարոզ և կազմակերպություններ,
• Նոր տեխնոլոգիաները և համացանցը,
• Երիտասարդությունը և փոփ մշակույթը:
Սրանցից յուրաքանչյուրի շուրջ այսօր գրվում են տասնյակ էջեր, բազմաթիվ գիտահետազոտական և քաղաքականության մշակման ինստիտուտներ աշխատում են այս հարցերի լուծման շուրջ, որոնք, այնուամենայնիվ, լիակատար լուծումներ այդպես էլ չեն առաջարկում, իսկ առաջարկների դեպքում էլ միշտ չէ, որ կիրառվում են: Միանգամայն հասկանալի է, որ իրական քաղաքականության առջև ծառացած այս խնդիրների որոշակի լուծումներն անհրաժեշտ են դրանց հետագա խորացումը կանխելու և հասարակական-քաղաքական կյանքի ներդաշնակությունն ապահովելու համար:
Արևմտյան Եվրոպայում մուսուլմանների ներկայության շուրջ յուրաքանչյուր վերլուծություն պետք է իրականացնել հաշվի առնելով երկու կարևորագույն գործոն` ներգաղթողների անընդհատ հոսքերը, իսլամի կրոնական, հասարակական և մշակութային ֆենոմենի ուժեղացումը: Կարևոր ենք համարում հատկապես այն հարցը, թե ինչպես են մուսուլմաններն արձագանքում Եվրոպայի կյանքին։ Այս առումով մասնագետներն առանձնացնում են դրանցից առավել տարածվածները՝ ասիմիլյացիա (որն այսօրվա գնահատականներով փոքր թիվ է կազմում)1, ինտեգրում, ընդվզում/հակազդում:
Փորձենք անդրադառնալ եկվորների ինտեգրման` հասարակական, տնտեսական, քաղաքական կյանքում երկրի քաղաքացիների իրավունքներին հավասար իրավունքներով և պարտականություններով ներգրավելու գործընթացին, որի արդյունավետ իրականացումը կապահովի երկրում հասարակական ներդաշնակությունը:
Մուսուլմանների ինտեգրման գործընթացը, որն անմիջականորեն վերաբերում է մուսուլմանների և եվրոպացիների իրար հետ ներդաշնակ ապրելուն , բազմաթիվ խնդիրների և խոչընդոտների է հանդիպում: Մուսուլմանների ինտեգրումը եվրոպական երկրներում առաջացնում է դոգմատիկ ինովացիոն մեխանիզմների և հենց եվրոպական հասարակություններում ձևափոխումների անհրաժեշտություն:
Եվրոպայում բնակվող մուսուլմանների շրջանում սեփական ինքնության որոնումները, բնականաբար, կարող էին հանգեցնել հոգևոր հեղինակությունների վերաբերյալ նոր պատկերացումների ձևավորմանը և նրանց` իբրև հոգևոր առաջնորդների ընկալմանը:
Անընդհատ փոփոխվող աշխարհի և գլոբալացման մարտահրավերներին զուգընթաց` այս նոր եվրաիսլամական առաջնորդները առաջարկում են վերանայել իսլամական նորմերը` դրանք արևմտյան հասարակությանը հարմարեցնելու նպատակով: Ի տարբերություն իսլամագետների այն խմբի, որոնք դուրս չեն գալիս նորմատիվային իսլամի շրջանակներից և Եվրոպայում բնակվող մուսուլմաններին համարում են միայն Եվրոպայի ժամանակավոր բնակիչներ կամ «հյուրեր», նոր իսլամական ինտելեկտուալները փորձում են եվրամուսուլմաններին դիտարկել և ներկայացնել իբրև եվրոպացիներին իրավահավասար քաղաքացիներ:
Ինչու՞ 21-րդ դարի սկզբին անհրաժեշտ եղավ կարգավորել և համընդգրկուն պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչպես պետք է մուսուլմանները ներգրավվեն եվրոպական հասարակության մեջ: Երբեք ոչ մուսուլմանական երկրներում այսքան շատ մուսուլմաններ չեն բնակվել իբրև կրոնական փոքրամասնություն: Դասական իսլամի կրոնա-իրավական հիմնադրույթները (ուսուլ ալ-ֆիկհ) երբեք չեն ընդգրկել այնպիսի դրույթներ, որ մուսուլմանները մշտապես պետք է բնակվեն ոչ մուսուլմանական երկրներում: Բնականաբար, այս նոր իրավիճակը մի շարք հարցեր և խնդիրներ է առաջացնում. օրինակ, ինչպե՞ս միաժամանակ հետևել և պահպանել շարիաթի նորմերը եվրոպական պետությունների օրենքներին զուգահեռ, որը շատ հաճախ պարզապես հակադրվում է իսլամի սկզբունքներին: Արևմտյան մուսուլմանների համար իսլամական իրավունքի (ֆիկհի) յուրահատուկ հարմարման մասին դրույթը առաջ է քաշել Տահա Ջաբիր ալ-Ալվանին 2: 1994թ. իր ֆեթվաներից մեկում, որում խոսում էր ամերիկյան քաղաքական կյանքում մուսուլմանների մասնակցության մասին, Ալվանին առաջին անգամ կիրառեց ֆիկհ ալ-ակալլիյաթ տերմինը (արաբերենից թարգմանաբար նշանակում է «փոքրամասնությունների կրոնա-իրավական համակարգ»): Սկզբնական շրջանում արևմուտքում բնակվող մուսուլմանների համար հատուկ կրոնա-իրավական համակարգի մշակումը անմիջապես ենթարկվեց լուրջ քննադատության հատկապես ավանդական և ծայրահեղ իսլամական շրջանակների կողմից:
Ինտեգրման գործընթացում ի հայտ է գալիս մի հարց. արդյո՞ք Եվրոպայի մուսուլմանների հավատքի ծիսակարգը լիովին համընկնում է իրենց երկրներում մուսուլմանական ծիսակարգի հետ, թե՞ ոչ: Իհարկե, հենց այս հարցի առկայության և դրան պատասխաններ գտնելու համար էլ առաջացան այսպես կոչված եվրաիսլամի ձևավորման և զարգացման ջատագովներ: Իսլամական ավանդական մոտեցմամբ` իրենց հայրենիքում մեծացած իմամները պնդում են, որ այն իրոք նույն իսլամն է: Սակայն ներկայում Գերմանիայի Գյոթինգենի Համալսարանի շատ հայտնի դասախոս Բասամ Տիբիի և Շվեյցարիայում ծնված հայտնի ինետելեկտուալ, «Մուսուլման եղբայրներ» կազմակեպության հիմնադիր՝ Հասան ալ Բաննայի աղջկա թոռան՝ Տարիկ Ռամադանի մոտեցումները եվրամուսուլմանների վերաբերյալ լիովին տարբերվում են: Նրանք համարում են, որ մուսուլմանները Եվրոպայում պետք է ստեղծեն եվրոպական արժեքների հետ համահունչ ընթացող մի առանձնահատուկ իսլամ։ Հենց Տիբին է առաջ քաշել եվրաիսլամ (Euro-Islam, արաբերեն` ալ-իսլամ ալ-ուրուբբի) տերմինը, որը նկարագրում է եվրոպական արժեքներ` պլյուրալիզմը, հանդուրժողականությունը, եկեղեցու և պետության առանձնացումը ներառող իսլամը:
Տիբին դեմ է արտահայտվում այսօր մուսուլման ինտելեկտուալների շրջանում մեծապես տարածված այն երկու մոտեցումներին, ըստ որոնց` Եվրոպան մուսուլման ներգաղթողների համար իսլամի տարածք է (արաբերեն` դառ ալ-իսլամ), իսկ մուսուլմանները` իբրև Եվրոպայի փոքրամասնություններ: Տիբին կողմ է մշակութային պլյուրալիզմին և Եվրոպայում մուսուլմանների քաղաքական ինտեգրմանը, որը կուղեկցվի մշակութային երկխոսությամբ`զրույցով:
Տիբին իր կյանքի օրինակով ցույց է տալիս, որ Եվրոպայում մուսուլմանները կարող են ունենալ իրենց ինքնության տարբեր աղբյուրներ: Տիբին իր մասին գրում է. «Կրոնա-մշակութային առումով եվրամուսուլման եմ, էթնիկապես՝ դամասկոսցի արաբ, իսկ քաղաքական առումով՝ Գերմանիայի քաղաքացի» 3:
Տիբին, եվրաիսլամ ասելով, հասկանում է իսլամի մշակութային մոդելը, որ հարմարված է քաղաքացիական հասարակության քաղաքական մշակույթին:
Բնականաբար, եվրաիսլամ տերմինը միանշանակ իմաստ և բովանդակություն չունի, և տարբեր շրջանակներ, ելնելով տարբեր դիրքորոշումներից և շարժառիթներից, այն կիրառում են յուրովի: Հայտնի գիտնական Կլաուսենը կարծում է` եթե սոցիոլոգները եվրասիլամը դիտարկում են իբրև եվրոպական հասարակությունում մուսուլմանների ասիմիլյացիայի գործընթաց, ապա հենց եվրոպացի մուսուլմանների համար դա իսլամի աստվածաբանական բարեփոխումների ծրագիրն է և նրանց հասարակական հարմարումը 4:
Տարիկ Ռամադանը հարցազրույցներից մեկում ասել է. Այսօրվա մարտահրավերն այն է, որ մուսուլմանները հասկանան, որ պակաս մուսուլման չեն համարվի, եթե ավելի եվրոպացի են. նրանք կարող են լինել երկուսն էլ 5» ։
Եվրոպան վերջին տարիներին դարձել է իսլամի կարևորագույն ինտելեկտուալ կենտրոններից մեկը: Եթե առաջներում տեղեկատվության հոսքը միակողմանի էր՝ մուսուլմանական երկրներից դեպի մուսուլմանական արևմտյան համայնքներ, ապա արդեն 21-րդ դարի սկզբից այն ամբողջովին փոխվեց: Հայտնի գիտնական Էսպոզիտոյի խոսքերով՝ ծայրամասը դարձավ կենտրոն, որը շատ վաղ ապագայում կարող է դառնալ մուսուլմանական մտքի պաշտոնական կենտրոններից մեկը 6:
Christian Science Monitor-ի 2005թ. նոյեմբերի համարներից մեկում օսլոյաբնակ Բրյուս Բաուերը հրատարակել էր մի նյութ, որում Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում առկա զանգվածային անկարգությունները համարում էր ինտեգրման գործընթացի չընդունման փաստ 7։ Այս միտումը նա բացատրում էր բազմաթիվ մուսուլման ներգաղթողների կողմից իրենց շրջապատող հասարակության արժեքների չընդունման և սեփական հին արժեքների, մշակույթի պահպանման ցանկության և իրենց հայրենիքի հետ կապի պահպանման տեսանկյունից (ներկայում Օսլոյից Պակիստան ավելի շատ թռիչքներ կան, քան դեպի ԱՄՆ)։
Ընդհանրապես մուսուլմանների ընդվզման կամ հակազդեցության առաջացման պատճառները, բացի արժեքային և մշակութային ոլորտներից, ընդգրկում են նաև այլ հարթություններ. մի կողմից` մուսուլմաններն իրենց դիտարկում են իբրև «օտարներ, ժամանակավոր հյուրեր» և ամեն կերպ փորձում են իրենց «ուրիշությունը» պահպանել, մյուս կողմից` հենց եվրոպական տվյալ երկրի հասարակությունը չի ընդունում նրանց իբրև հասարակության մաս, ուստի ինտեգրման փորձերն էլ լիակատար չեն:
Եվրոպայի մուսուլմանական գետտոներում ինքնիշխանության հաստատումը կամ ձևավորումը ոչ միայն եվրոպական կառավարությունների վարած քաղաքականության կամ հասարակությունների վարքից է կախված, այլև հենց իրենց՝ մուսուլմանների ինքնամոտիվացված ցանկությունից ու պահվածքից:
1980-ականներին այն ստացավ դավանաբանական-ուսմունքային, իսկ ավելի ուշ` կազմակերպական ուղղվածություն։ Բարեգործության շղարշի ներքո միություններ էին ստեղծվում, որոնք ֆինանսավորում և աջակցում էին անկախ դպրոցական և կենսական պայմանների բարելավման համակարգերին, բազմաթիվ մզկիթների կառուցմանը:
Այս ամենը հանգեցրեց իսլամական մթնոլորտի ստեղծմանը, որի հիմքում կարծես ընկած էր «ոչ տարածքային իսլամական պետության» ստեղծման գաղափարը։
Փաստորեն, 1960-ական թթ. սկսած` իսլամական շարժումներն ու խմբերը, արաբական և մուսուլմանական ռեժիմները ներկայացնելով իբրև դեսպոտական ճնշումների խորհրդանիշներ և ուղղահավատ իսլամում արմատացած սոցիալական արդարության խաթարողներ, իրենց համարում են իբրև թույլերի պաշտպաններ և ընդվզում են իրենց երկրներում արաբական կամ մուսուլմանական ռեժիմների դեմ, իսկ Եվրոպայում՝ եվրոպական կառավարությունների դեմ։ Այս տեսությունը առկա է ստերեոտիպային գլոբալ թշնամու կերպարի ստեղծման և տարածման ժամանակ. ինչպես, օրինակ, ԱՄՆ-ը, Իսրայելը կամ հրեաները, «արևմտյան խաչակիրների» հերետիկոսական մշակույթը և այլն։
Ժողովրդագրական և նոր գաղափարական մարտահրավերներից բացի, եվրոպական երկրներում բնակվող մուսուլմաններն ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Մուսուլմանների միայն որոշ հատվածն է որոշակիորեն ինտեգրվում և աշխատանք գտնում: Մուսուլմանների մի ստվար զանգված, չտիրապետելով նույնիսկ հյուրընկալ երկրի լեզվին, շարունակում է մնալ աղքատության և գործազրկության պայմաններում:
Այսօր մուսուլմանները Եվրոպայում ավելի անհանգստացած են տնտեսական և սոցիալական խնդիրներով, գործազրկության բարձր ցուցանիշով, քան կրոնական և մշակութային խնդիրներով 8: Pew Global Attitudes Project-ի զեկույցի տվյալներով հետևյալ պատկերն է. բոլոր ցուցանիշներից ամենաառաջին տեղում գործազրկությունն է` Մեծ Բրիտանիայում` 46 տոկոս, Ֆրանսիայում` 52 տոկոս, Գերմանիայում` 56 տոկոս, Իսպանիայում` 55 տոկոս, մինչդեռ իսլամական ծայրահեղականությունը երկրորդ տեղում է` Մեծ Բրիտանիայում` 44 տոկոս, Ֆրանսիայում` 30 տոկոս, Գերմանիայում` 23 տոկոս, Իսպանիայում` 22 տոկոս:
Այսօր մասնագետների շրջանում շրջանառվում է նաև «սոցիալական ահաբեկչություն» (“Social Terrorism”) տերմինը` Եվրոպայում բնակվող մուսուլմանական համայնքներում տիրող իրավիճակը բնութագրելու համար: Մուսուլմանական շատ գետտոներ, լինելով աղքատության, անհավասարության, քրեական գործողությունների, գործազրկության, իսլամիստական ակտիվ քարոզչության ներքո, առավել հեշտությամբ են ենթարկվում ջիհադի 9 գաղափարի ներքո կատարվող ահաբեկչության իրագործմանը թե՛ Արևմտյան Եվրոպայից դուրս, թե՛ արդեն նրա սահմաններից ներս։ Քանի դեռ ծայրահեղական տրամադրությունները արդարացնում են իրենց մեկուսացումը, Եվրոպայում բռնարարքներն ու կամայականությունները անընդհատ շարունակվող երևույթներ են լինելու, որոնք հանգեցնելու են ահաբեկչության լայնածավալ գործողությունների։
Եվրոպական կառավարությունները, ըստ «Իսլամիստական շարժումների ուսումնասիրման կենտրոնի» ծրագրի ղեկավար Ռովեն Փազի, պետք է կանխեն մուսուլմանական նման գետտոների կամ «մեկուսացման բույների» ստեղծումը, ինչը որոշակի ինքնիշխանության ձգտումներ կառաջացնի ապագայում: Գետտոները վտանգավոր են նաև այն տեսանկյունից, որ Եվրոպայում բնակվող կամ նոր եկող մուսուլմանները երբեմն, անկախ իրենց կամքից, ստիպված են լինում ընդունել և ապրել իրենց նոր երկրներում, բայց համայնքների, գետտոների կարգերի համաձայն:
Իսկ ի՞նչ է անում Եվրոպան։ Միասնական Եվրոպան փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում հետևում է համընդհանուր եվրոպական արժեքներին։ Ակնհայտ է, որ, օրինակ, Ֆրանսիայում, երբ 2004թ. արգելեցին կրոնական հագուստի տարրեր կրել դպրոցներում, դա արվեց բոլոր քաղաքացիների աշխարհիկ ինքնության բարձրացմանն ուղղված ազգային ավանդության համաձայն, որի օրինակին այսօր հետևում են եվրոպական մյուս երկրները՝ Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան և այլն։
Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող CHALLENGE (Changing Landscape of European Liberty and Security) ծրագրի շրջանակներում, որի նպատակներից մեկը անվտանգության գործողությունների արդյունավետ քաղաքականություն մշակելն ու իրականության օբյեկտիվ ընկալմանը աջակցելն է, 2007-2008թթ. ընթացքում հետազոտություն է կատարվել Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի և Ամստերդամի մուսուլմանական համայնքների շրջանում: Հետազոտությունից հետո հրապարակվել է Եվրոպայում «Իսլամի անվտանգացումը» (The Securitisation of Islam in Europe) վերնագրով մի զեկույց 10, որում ներկայացվում են Եվրոպայում քաղաքականություն իրականացնողների և մուսուլմանների քաղաքական ու հասարակական իրողությունների միջև առկա հսկայական տարբերությունները:
Այսօր շատ է շրջանառվում նաև իսլամի անվտանգացում (securitisation) տերմինը, որը շատ է կիրառվում հատկապես եվրոպական երկրներում մուսուլմանական համայնքների ընդլայնմանը զուգահեռ առաջացող խնդիրների շրջանակը բնութագրելու համար: Այն նաև իրական քաղաքական գործընթաց է, որն անմիջականորեն ազդում է միգրացիոն օրենքների, հակախտրականության չափանիշների, բազմամշակութային և անվտանգության քաղաքականության մշակման և իրականացման վրա:
Իսլամի վերաբերյալ եվրոպական դիսկուրսը արտացոլում է իսլամի ու Արևմուտքի համատեղելիության կամ իսլամ-Արևմուտք փոխհարաբերությունների միկրոշրջանակը: Չի կարելի չընդունել այն հանգամանքը, որ շատ հաճախ Արևմուտքը կամ արևմտյան երկրներն իսլամը նույնացնում են ալ-Ղաիդայի, Պաղեստինյան հարցի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և կրոնի շուրջ նրանց քննարկումներն ունեն բացասական կամ արդեն որոշակի կողմնորոշում արտացոլող ենթատեքստ:
Այսօր միջազգային հարաբերություններում գերակա է Արևմուտք-իսլամ փոխհարաբերությունները մշակութային զրույց (Culture talk) կամ մշակութային երկխոսություն տերմինով բնութագրելը, որը, կարծես, ընկալելի և ընդունելի է արևմտյան քաղաքական գործիչների և ինտելեկտուալների համար:
Եվրոպական պետություններն այսօր մուսուլմանների խմբերը համարում են վտանգավոր իրենց գոյատևման համար և միջոցներ են ձեռնարկում նրանց իրենց հասարակությանը ինտեգրելու և ահաբեկչության սպառնալիքը կանխելու համար: Այսպիսով, քաղաքականացնելով կրոնը՝ Եվրոպան մուսուլմաններին ստիպում է մտահոգվել կրոնական ազատություններում ոչ կրոնական գործոնների ակտիվացմամբ:
Փաստորեն, այս միջոցները, որոնք նպատակ ունեն կանխելու ծայրահեղականացումը և գետտոյացումը, իրականում դժգոհությունների տեղիք են տալիս և հանգեցնում են կրոնական պահպանողականության ձևափոխմանը ֆունդամենտալիզմի:
Այսպիսով` յուրաքանչյուր հարց փոխկապակցված է մյուսի հետ. իսլամաֆոբիան ծնում է իսլամական ծայրահեղականություն կամ ահաբեկչություն, իսկ ահաբեկչությունը ծնում է իսլամաֆոբիա. խնդիր, որը, կարծես ,լուծման ենթակա չէ:
Հիջաբի11 արգելքները Եվրոպայում
Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև մի շարք եվրոպական երկրներում մուսուլման կանանց գլխաշոր` հիջաբ, կրելու իրավունքը օրենքով արգելելու շուրջ:
Մուսուլմանների մեծ մասը հիջաբը համարում է և՛ կրոնական, և՛ կանացիության խորհրդանիշ։ Այն դեպքում, երբ Արևմուտքում հիջաբը համարվում է կնոջ ազատությունների ոտնահարման, կնոջ իրավունքների նսեմացման և ճնշված լինելու խորհրդանիշ, իսլամը, ընդհակառակը, այն համարում է կնոջ պաշտպանվածության խորհրդանիշ։
Հիջաբ կրելը մուսուլման կնոջ համար, ըստ Ղուրանի` համարվում է Ալլահին և նրա մարգարեին հնազանդության նշան. «Ո՛վ Մարգարե, ասա՛ քո կանանց և դուստրերին և հավատացյալների կանանց` իրենց քողերը հագնեն, երբ դրսում են. այդպիսով նրանք անճանաչելի կլինեն և հետապնդումներից զերծ» (Ղուրան, 33:59)։
Բացի Ղուրանից, Հիջաբի վերաբերյալ բազմաթիվ հադիսներ12 կան, որոնցում նշվում են դրսում կնոջ քողարկված լինելու պատճառներն ու առավելությունները, ինչպես, օրինակ. «Յուրաքանչյուր մուսուլման կին, որը բացի իր ամուսնու տանից որևէ այլ տեղ կհանի իր հագուստը, կկորցնի Աստծու պաշտպանությունը», կամ, ասենք` «Յուրաքանչյուր կրոն ունի իր բարոյականությունը, իսլամի բարոյականությունը համեստությունը, ամոթխածությունն են» և այլն։
Իհարկե ,միանգամայն հասկանալի է, որ այսօր կարելի է խոսել հիջաբի նորաձևության մասին` բազմագույն և բազմատեսակ, տարբեր կտորներից, տարբեր ձևերի, որը վկայում է նրա կենսունակության մասին։ Ամեն դեպքում «այն չպետք է թափանցի և ցույց տա կնոջ կառուցվածքը. այդ կանանց մուտքը դրախտ փակված կլինի»։
Արդեն մի քանի տարի է, ինչ հիջաբը եվրոպական երկրներում կարևոր քննարկման առարկա է դարձել և քաղաքական շահարկումների ու պետական օրենսդրական քաղաքականության մաս։ Հիջաբի խնդիրն առավել արդիական դարձավ 2003թ. դեկտեմբերից, երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն իր աջակցությունը հայտնեց կրոնական տարբերանշաններն արգելող օրենքի նախաձեռնությանը: Իսկ 2005թ. Ֆրանսիայի պառլամենտը 276 «կողմ» և 20 «դեմ» ձայնով հաստատեց պետական դպրոցներում իսլամական գլխաշորերի և կրոնական այլ խորհրդանիշների՝ քրիստոնեական մեծ խաչերի, սիկհերի, տյուրբանների և հրեական գլխարկի (հարկ է նշել, որ Արևմտյան Եվրոպայում Ֆրանսիան ունի ոչ միայն ամենամեծ մուսուլմանական , այլև ամենամեծ հրեական համայնքը) կրելն արգելող օրինագիծը։ Չնայած որ ֆրանսիական կուսակցությունների մեծ մասը և, ըստ հարցումների, բնակչության 70 տոկոսը պաշտպանում էին այդ արգելքը, որոշ մուսուլման առաջնորդներ և նաև մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ, ինչպիսիք են Մարդու իրավունքների միջազգային Հելսինկյան կոմիտեն, Համաշխարհային կրոնական ազատության կոմիտեն (Commission on International Religious Freedom), այն համարել էին ոչ հանդուրժողականության դրսևորում: Սակայն պետք է հստակ պատկերացնել, որ Ֆրանսիայում այս խնդիրը նոր չէր և արդեն մոտ երկու տասնամյակ այն քննարկվում էր։ Դեռևս 1989թ. դատարանի որոշմամբ կրոնական հագուստ կրելը դպրոցներում թույլատրելի է, եթե դրանք «ճնշումների, պրովոկացիայի, հավատափոխության կամ պրոպագանդայի» նպատակ չունեն։
Սակայն ակնհայտ է, որ խնդիր կար որոշելու, թե որ խորհրդանիշներն են համապատասխանում այս չափանիշներին: Սակայն օրենքի ընդունումը չի նշանակում լուծել այդ խնդիրը։ Կան բազմաթիվ հյուսիսաֆրիկյան ծագումով երիտասարդներ, որոնք իրենց ինքնությունը տեսնում են կրոնի մեջ և ցանկանում են հիջաբ կրել։ Այս արգելքը խթանել է մասնավոր, կոնֆեսիոնալ այլընտրանքային դպրոցների ստեղծումը։ Կան հարյուրավոր մասնավոր կաթոլիկ դպրոցներ, սակայն առաջին մուսուլմանական դպրոցն ստեղծվել է միայն 2001թ. Փարիզից դուրս` Օբերվիլում: Շատ մուսուլմանական խմբեր կարծում են` ավելի լավ է մասնավոր ուսուցում ստանալ, քան հիջաբ չկրել։
Կրոնական դպրոցների և մասնավոր մուսուլմանական բժշկական հաստատությունների ստեղծմանը մեծապես աջակցեցին և շարունակում են աջակցել հարուստ այլ արաբական երկրներ, որը, սակայն, կհանգեցնի ծայրահեղականորեն տրամադրված համայնքների ձևավորմանը։ Այս ամենը հանգեցրել է նաև Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում հիջաբ կրելու պաշտպանության համար կազմակերպված բողոքի ակցիաների, որոնց ժամանակ կարելի է տեսնել հիջաբավոր բազմաթիվ երիտասարդ մուսուլման աղջիկների, որոնց հիջաբները տվյալ եվրոպական երկրի դրոշներն են։
Ի հավելումն պետք է նշել, որ շատ ֆրանսիացիներ, և ոչ միայն նրանք, հիջաբը համարում են կնոջ իրավունքների նսեմացման և ճնշված լինելու խորհրդանիշ, ինչպես, ասենք` աշխարհիկությունը հերքող քաղաքական աշխարհայացքի արտացոլումը շատ դեպքերում կապում են իսլամական էքստրեմիզմի հետ։ Հիշենք նաև այն փաստը, որ Ֆրանսիայում աշխարհիկությունը եզակի բնորոշում ունի, այն ֆրանսիական տերմինով կոչվում է laicite` «աշխարհիկ գոյացություն, կայուն աշխարհիկություն»։ Այս գաղափարը առավել հաստատուն դարձավ Ֆրանսիական հեղափոխությամբ, որը վերջ տվեց հռոմեական կաթոլիկ եկեղեցու գերակայությանը երկրում, իսկ առավել ամրապնդվեց 1905թ. Ֆրանսիայում ընդունված օրենքով, որով եկեղեցին և պետությունը առանձնացվեցին։
Հիջաբն արգելող օրենքի նկատմամբ շատ հետաքրքրական էր եվրոպական մյուս երկրների արձագանքը. նմանատիպ օրենքների ընդունումից մինչև լիակատար մերժում թե՛ հասարակական մակարդակում, թե՛ քաղաքական շրջանակներում։ Հիջաբն օրենքով արգելելու հարցը բուռն քաղաքական բանավեճեր առաջացրեց հատկապես Գերմանիայում, որտեղ բնակվում են ավելի քան 3,5 միլիոն մուսուլմաններ, և որտեղ գտնվում է թուրք ներգաղթողների ամենամեծ համայնքը: Հիջաբն օրենքով արգելելն սկսվել է 2003թ., և դատական երկար լսումներից հետո Դաշնային սահմանադրական դատարանը որոշեց, որ Գերմանիայի 16 նահանգներից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի սեփական քաղաքականությունն այս հարցում:
Նյու Յորքի Human Rights Watch կազմակերպությունը համարում է, որ Գերմանիայի 16 նահանգներից 8-ում մուսուլման ուսուցչուհիների հիջաբ կրելու արգելքը խախտում է մուսուլման կանանց իրավունքները: Այս արգելքը խտրականություն է մուսուլման կանանց նկատմամբ, որը բացառում է նրանց աշխատանքը դպրոցում, ինչպես նաև հասարակական այլ գործընթացներում ներգրավվածության հնարավորությունը:
HRW-ի զեկույցում ասվում է նաև, որ հիջաբն արգելող երկրները խախտում են կանանց իրավունքներն այնպես, ինչպես այն դեպքերում, երբ նրանց ստիպում են իրենց կամքին հակառակ կրել դրանք: Երբ գործում է նման արգելք, կինը ստիպված է ընտրություն կատարել իր աշխատանքի, զբաղվածության և կրոնական հավատքի այս կամ այն դրսևորման միջև, որով էլ խախտվում են նրա հավատքի ազատության և հավասար վերաբերմունք ունենալու իրավունքները:
Ըստ HRW-ի` այս կարգավորումները միայն վերացական անհանգստություններ չեն: Այդ սահմանափակումները և խստացումները անմիջականորեն ազդում են կանանց կյանքի վրա: Խնդիրը կրկին արժեհամակարգերի միջև եղած տարբերությունն է. մի կողմից` խոսվում է հավասար իրավունքների մասին, մյուս կողմից` գլխաշոր կրելու պատճառով սահմանափակվում է մուսուլման կնոջ՝ ուսուցչուհի աշխատելու հավասար իրավունքը:
Իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիայում այս օրենքի ընդունումն առայժմ հետաձգվում է միայն բազմամշակութայնության կենսունակության շնորհիվ։ Մասնակի արգելքների օրենքներ են ընդունվել նաև Բելգիայում, Բուլղարիայում, Հոլանդիայում, Դանիայում և այլուր։
Նոր հայացք` շարիաթին 14
Շարիաթի օրենքների շուրջ ևս մեծ հակասականություն և բանավեճեր առաջացան և ավելի ակտիվացան հատկապես այն բանից հետո, երբ 2008թ. փետրվարի 7-ին Լոնդոնի դատարանում անգլիական եկեղեցու Քանթերբերիի 104-րդ արքեպիսկոպոս, դոկտոր Ռոուան Ուիլյամսը հանդես եկավ «Անգլիայի քաղաքացիական և կրոնական իրավունքը. կրոնական հեռանկար» վերնագրով դասախոսությամբ, որում նա առաջարկում էր իսլամական շարիաթի որոշ տարրեր ներառել Մեծ Բրիտանիայի օրեսնդրության մեջ՝ համարելով դա անխուսափելի 15:
Բնականաբար, նման հայտարարությունները չէին կարող անարձագանք մնալ. նախ քննադատության մի տարափ է սկսվում հատկապես մամուլում՝ բրիտանական հեղինակավոր «The Sun» թերթը նույնիսկ անգլիական եկեղեցու արքեպիսկոպոսությունից նրան հեռացնելու խնդրագիր էր հրապարակել 16։
Մեծ Բրիտանիայում քաղաքական լայն շրջանակները (կառավարության անդամներ, քաղաքական կուսակցություններ, հոգևորականությունը), իհարկե, դեմ են արտահայտվում օրենսդրական համակարգում շարիաթի թեկուզ որոշ ասպեկտների ներդրմանը:
Կառավարական և քաղաքական գործիչները, իբրև հակափաստարկներ, հիմնականում նշում էին այն, որ բրիտանական իրավունքի հիմքում պետք է ընկած լինեն բրիտանական արժեքները, իսկ օրենսդրական համակարգը պետք է լինի միակ ու պարտադիր բոլոր քաղաքացիների համար։ Ըստ պահպանողականների` չի կարող զուգահեռ օրենսդրական համակարգ գործել իրենց երկրում: Արդարադատության նախարարության խոսնակի խոսքերով` «յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ պետք է իմանա, որ իրենք իրավունք ունեն դիմելու անգլիական դատարան ցանկացած հարցով, հատկապես այն դեպքերում, երբ հարցի լուծման առումով ճնշումների կամ ստիպողական վերաբերմունքի են հանդիպել և կարծում են, որ իրենց համար այդ հարցը կարող է աննպաստ լուծվել: Իսկ, օրինակ, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկ Կլեգը համոզված է. «Օրենքի առաջ հավասարությունը մեր հասարակության միասնությունը ապահովող «սոսնձի» կարևորագույն բաղադրատարրն է. չի կարելի թույլ տալ, որ մի մարդու համար գործի մի օրենք, իսկ մյուսի համար՝ մեկ ուրիշ» 17:
«Ազգային աշխարհիկ հասարակության» կազմակերպության նախագահ Ալիստեր Մաքբեյն էլ այս կապակցությամբ ասել է. «Պլյուրալիստական հասարակություններում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, իսկ նման հայտարարությունները խախտում են այդ թեզը»։
Այս քննադատական մոտեցումնները Ուիլյամսը կոչում է «ունիվերսալ աշխարհայացք, որն առաջացել է հետլուսավորչական քաղաքականության շնորհիվ»: «Հասարակության մասին այն պատկերացումը, ըստ որի` կրոնական որևէ արտաքին արտահայտություն չի լինի՝ ո՛չ խաչեր, ո՛չ տյուրբաններ, ո՛չ գլխաշորեր, քաղաքականապես վտանգավոր է. դա ենթադրում է, որ հասարակությունում իշխում է քաղաքական «թույլատրող» վերնախավը, որը տիրապետում է հասարակական բարոյականության ստեղծման բոլոր ռեսուրսներին», - գրել է անգլիացի եպիսկոպոսը «Թայմս» ամսագրում հրապարակած հոդվածում:
Որքան էլ կառավարության անդամները, քաղաքական գործիչները կամ հոգևորականությունը փորձեն դեմ արտահայտվել կամ անհիմն համարել նման հայտարարությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ այսօր «իրավունքը», որին ենթարկվելը յուրաքանչյուր քաղաքացու «պարտքն» է, ամբողջապես չի տեղավորվում այդ իրավունքից օգտվողի բարոյական արժեհամակարգում։
Իսկ դոկտոր Ռոուան Ուիլյամսի առաջարկը հետևյալն է. «Շարիաթը կարող է գործել ամուսնական, ֆինանսական գործարքների կարգավորման և կոնֆլիկտների լուծման և միջնորդությունների բնագավառներում»: Նա նաև կարծում է, որ ավանդական եվրոպական մոտեցումը իրավունքին, որն ասում է՝ կա մեկ օրենք բոլորի համար, մի փոքր վտանգավոր է:
Եվրոպական միության երկրներում, բացի վերոնշյալ խնդիրներից, մուսուլմանների ինտեգրման կարևորագույն խոչընդոտ կամ դժվարություն է համարվում բուն մուսուլմանական երկրներից եկած իմամների՝ քարոզիչների գործոնը: Վերջինները ոչ միայն լավ չեն տիրապետում հյուրընկալած երկրի լեզվին, այլև, չլինելով եվրոպական և ազգային մշակութային արժեհամակարգի կրողներ կամ գոնե գիտակներ, չտիրապետելով ժողովրդավարական և մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, չեն կարող նպաստել մուսուլմանական համայնքների հարմարմանը և ինտեգրմանը: Իսկ ավելի հաճախ կատարվում է ճիշտ հակառակը. եկվոր քարոզիչները դառնում են մուսուլմանական համայնքների ֆունդամենտալացման, գետտոյացման ակտիվ գործոններ:
Ըստ եվրոպական քաղաքական ներկա դիսկուրսի՝ իմամները պետք է կարողանան երկխոսության մեջ լինել եկեղեցիների, իշխանությունների և քաղաքացիական հասարակության այլ հատվածների հետ: Խնդիրն այն է, որ եվրոպական կառավարությունները պատրաստ են սեփական միջոցներով կրթել առավել հանդուրժող, ազատամիտ իմամներ, սակայն տեղական մուսուլմանական պահպանողական համայնքները միանշանակ չեն ընդունի այդ իմամների հեղինակությունը:
Այս տարվա մարտ ամսին նման մի փորձնական դպրոց՝ Բուհարա ինստիտուտ անվամբ, բացվել է Բեռլինի արևելյան ծայրամասերից մեկում: Ենթադրվում է, որ այն պետք է օգնի ձևակերպել արդեն ծնունդ առած եվրաիսլամի մոդելը և միևնույն ժամանակ փորձելու է բավարարել Եվրոպայի մուսուլմանների պահանջները իսլամ-Արևմուտք փոխհարաբերությունների համատեքստում:
Իսլամաֆոբիա
Այսօր Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածվածությունն արդեն մեծ չափերի է հասնում: 2006թ. Եվրամիության՝ իսլամաֆոբիայի դեպքերի առաջին ուսումնասիրությունում ասվում է. «Այն տեսակետը, որ մուսուլման քաղաքացիների և ներգաղթողների տեսքով իսլամի ներկայությունը Եվրոպայում մարտահրավեր է եվրոպական նորմերին ու արժեքներին, սկսել է ամուր տեղ զբաղեցնել եվրոպական քաղաքական դիսկուրսում և միաժամանակ ստեղծել վախի մթնոլորտ»:
Ակնհայտ է, որ մուսուլմանական փոքրամասնությունների և եվրոպական գրեթե բոլոր երկրներում հասարակական համակեցության խնդիրներն ավելի են սրվում և մուսուլմանների նկատմամբ հակակրանքը հատկապես Եվրոպայում աճել է ահաբեկչական այնպիսի գործողություններին զուգահեռ, ինչպիսիք են, օրինակ՝ 2004 թ. Մադրիդում գնացքի ռմբահարումն ու 2005թ. հուլիսի լոնդոնյան ահաբեկչությունները, որոնց զոհ դարձավ 52 մարդ, կամ Հոլանդիայում 2004 թ. իսլամ ծայրահեղականի կողմից կինոռեժիսոր Թեո Վան Գոգի սպանությունը, որից հետո ավելի քան 50 բռնություն և հարձակում են իրականացվել Հոլանդիայի մզկիթների նկատմամբ:
Հետաքրքիր են անցյալ սեպտեմբերին Pew Research Center-ի կողմից արված հարցման և հետազոտության տվյալները 18. Իսպանիայում հարցվածների 52 տոկոսն է բացասական վերաբերմունք հայտնել մուսուլմանների նկատմամբ, Գերմանիայում՝ 50 տոկոսը, Ֆրանսիայում՝ 38 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 25 տոկոսը:
Նման մի օրինակ էլ Մարգարեի ծաղրանկարների հետ կապված ողջ պատմությունն է: 2005թ. Սկսած` համաշխարհային ԶԼՄ-ի կողմից ծաղրանկարային այս պատմությունները մեկնաբանվեցին իբրև հակամարտություն իր ազատական և ժողովրդավարական արժեքներով Եվրոպայի (հատկանշական է, որ ոչ թե Արևմուտքը, այլ հենց Եվրոպան)` և իր կրոնական արժեհամակարգով իսլամական աշխարհի միջև:
Ըստ Ռոուենի՝ անհրաժեշտ է արմատապես փոխել եվրոպական գիտակցությունը, ինչպես դա արվեց լուսավորչության դարաշրջանում։ Վերոնշյալ դասախոսությունում Ռոուենը պնդում էր, որ պետք է հրաժարվել իրավունքի համընդհանուր սկզբունքից, որը, առանձնացված լինելով բարոյական համակարգից, այդ հարթության մեջ յուրաքանչյուր հարց թողնում է անհատին։ Ըստ նրա՝ այս համընդհանուր իրավունքի սկզբունքը, որը պատմականորեն, իհարկե, դրական դեր է խաղացել մեծամասնության հնարավորությունների և իրավունքների ընդարձակման և բազմաթիվ առավելություններ ունեցող փոքրամասնությունների առանձնահատուկ իրավունքների սահմանափակման հարցում, այսօր չի բավարարում տարբեր բարոյական սկզբունքներ ունեցող հասարակությունների պահանջները։
«Շարիաթի որոշ տարրեր արդեն ընդունված են մեր հասարակության և իրավունքի կողմից, ուստի ես չեմ համարում, որ մենք ինչ–որ նոր, անծանոթ և մեր համակարգի հետ մրցող բան ենք ներմուծում»,- ասել է նա։
Ի դեպ, շարիաթի օրենքները նաև կիրառվում են Մեծ Բրիտանիայի բանկային համակարգում։ Երկրում արդեն գործում են մի քանի իսլամական բանկեր, որոնք իրենց գործունեությունը վարում են իսլամական նորմերին համապատասխան։
Մզկիթից դեպի դատարան
Ռոուենը նաև առաջարկում է օգտվել Բրիտանիայում արդեն դարեր շարունակ գործող հրեական ռավիական, այսպես կոչված, միջնորդ դատարանների՝ բետ-դինների օրինակից՝ նույնը կիրառելով մուսուլմանական համայնքների դեպքում։
Անգլիական օրենսդրության համաձայն՝ երկու սուբյեկտների միջև կոնֆլիկտը այսօր հնարավոր է լուծել դատական համակարգից դուրս, երրորդ ինստիտուցիոնալ կողմի միջոցով, եթե կոնֆլիկտի կողմերը համաձայն են: Դրա վառ օրինակ են արդեն մի քանի դար գործող հրեական դատարանները՝ բետ-դինները։ Բետ-դիններ դիմում են միայն հրեաները, որոնք ցանկանում են քաղաքացիական հարցերի, ամուսնալուծությունների և նման հարցերի շուրջ առաջացած խնդիրները լուծել հրեական օրենքներով (քրեական գործերի քննումը այս դատարանների իրավասությունների մեջ չէ)։ Միայն Լոնդոնում կա այսպիսի չորս դատարան։ Բետ-դիններում դատավորները համայնքային աշխատանքի մեծ փորձ ունեցող ռավիներն են, որոնք, լսելով երկու կողմերին և վկաներին հարցաքննելով, կայացնում են պարտադիր համարվող որոշում։
Այս հարցի վերաբերյալ Ռամադան ֆոնդի տնօրեն Մուհամմեդ Շաֆիկը դրական է արտահայտվել. «Մուսուլմանները, իհարկե, ավելի լավ կզգան, եթե կառավարությունը թույլ տա քաղաքացիական հարցերը՝ ամուսնություն, ամուսնալուծություն և այլն, կարգավորել իրենց կրոնին համապատասխան»։
Սակայն բազում անգամներ հնչում են հակառակ մտքեր. «Պետք չէ մուսուլմաններին առանձնացնել բրիտանացիներից, դրանով ավելի ենք սրում անջրպետը հասարակության այդ հատվածների միջև»։
Այսպես՝ անգլիական եկեղեցու առաջնորդի խոսքերով` շարիաթի որոշակի օրենքների ներառումը իրավաբանական պրակտիկայում կնպաստի բրիտանական հասարակության միասնականության պահպանմանը, քանի որ մուսուլմաններն «ստիպված չեն կանգնի պետությանը կամ իրենց ազգային մշակույթին հավատարիմ լինելու ընտրության առջև»:
«Ոչ մեկին չի կարելի անտեսել, ոչ մի ազգի, ոչ մի փոքրամասնության, ոչ մեկին չի կարելի դարձնել քավության նոխազ»,- համարում է Քենթերբերիի արքեպիսկոպոսը և դեմ է արտահայտվում իշխանությունների կողմից քաղաքացիներին իրենց կրոնական ատրիբուտները (լինի դա չադրա, թե խաչ) կրելու դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի կամ արգելող օրենքի։ Իսկ բրիտանացի նախարար Ջեկ Սթրոուն համարում է, որ չադրա կրող կինը դժվարացնում է հասարակական փոխհարաբերությունները, իսկ նախկին վարչապետ Թոնի Բլեերը չադրան կոչում էր «տարանջատման խորհրդանիշ»։
Ի պաշտպանություն Ուիլյամսի փետրվարյան սկանդալային ելույթի՝ Սաութորի եպիսկոպոս Թոմ Բաթլերը պարզաբանում է, որ Ուիլյամսը ոչ թե առաջարկում էր Բրիտանիայում մտցնել զուգահեռ օրենսդրություն, ասենք` գողության մեջ բռնվածի ձեռքերը կտրել կամ սիրեկանի հետ բռնված կնոջը քարկոծել, այլ օրինականացնելով տարերայնորեն առաջացող իսլամական խորհուրդների գործունեությունը` վերահսկելի դարձնել։ Ուիլյամսը նման հայտարարությամբ ոչ թե ցանկանում է նպաստել Անգլիայում իսլամի զարգացմանը, այլ հակառակը՝ առաջարկում է «տնայնացնել» բրիտանական իսլամը և զրկել այն ծայրահեղականացման հենքից՝ դրանով հեշտացնելով մուսուլմանների ինտեգրումը Մեծ Բրիտանիայի իրավական և մշակութային հարթություններում։
Ի վերջո, Ուիլյամսի այս հայտարարությունը կարելի է լոնդոնյան ահաբեկչությունից հետո ԵՄ-ում սկսած աշխատանքների շարունակություն համարել։ Այդ դեպքից հետո ակնհայտ դարձավ, որ եվրոպական հասարակության մի ստվար հատված իսլամական հոգևոր լիդերների ազդեցության տակ է։ Իսկ եվրոպական մի շարք մզկիթներում ծայրահեղական տրամադրություններ են սերմանվում, որոնք խարխլում են եվրոպական քաղաքակրթության հիմքերը և ուղղահավատ մուսուլմանին կոչ են անում բացահայտ կոնֆլիկտի գնալ «մեղավոր» քրիստոնյաների հետ: Ըստ նրանց՝ այսօր քաղաքակրթությունը մեծագույն և բարձրագույն արժեքներ է հռչակել նյութական բարեկեցության և քաղաքական իրավունքների ընդարձակումը (թերևս, կարելի է համաձայնել այս ձևակերպման հետ), իսկ չէ՞ որ հրեականության, քրիստոնեության և իսլամի բարոյական սկզբունքներից յուրաքանչյուրը, չնայած տարբերություններին, այնուամենայնիվ, կյանքի իմաստ է հռչակում ո՛չ թե արտաքին ազատությունը և նյութական բարեկեցությունը, այլ հոգևոր զարգացումը, աստվածային իդեալի նմանությամբ մարդու կատարելագործումը։ Փաստորեն, քրիստոնեական հասարակության «սխալները» կարելի է ուղղել կամ տանել, բայց «մեղքի հասարակությունը» կարելի է և պետք է ոչնչացնել», ահա իսլամական ծայրահեղականությունը սնուցող ազդեցիկ ձևակերպումներից մեկը։
Այս ամենը հաշվի առնելով՝ եվրոպական մի շարք երկրներում սկսվել են «ներեվրոպական իսլամի» ստեղծման քայլերի ձեռնարկում, ինչպես, օրինակ՝ սեփական կրոնական դպրոցների հիմնում, որոնք մզկիթներում քարոզելու համար կպատրաստեն սեփական կադրեր։
Այսպիսով` Եվրոպան այսօր իսկապես կանգնած է մուսուլմանական առայժմ փոքրամասնություն կազմող բնակչությանը ինտեգրելու ճանապարհին լուրջ խնդիրների լուծման առջև: Եվրոպան շարունակում է խիստ ծայրահեղ ու հակասական մոտեցումներ ցուցաբերել իսլամի նկատմամբ: Մի կողմից` Եվրոպան մուսուլմաններին «նյարդայնացնում» է ծաղրանկարային պատմություններով, կրոնական ատրիբուտների արգելքներով, մյուս կողմից՝ մուսուլմաններին «սիրաշահելու» համար փոխզիջումային քայլերի փորձեր է անում, որոնք, չնայած արտաքին գրավչությանը, չեն լուծում այսօրվա Եվրոպայի խնդիրները։
1 Ընդհանրապես զանգվածային ներգաղթի դեպքում ասիմիլյացիան՝ իբրև քաղաքացիության տրամադրման մեխանիզմ, սակավ արդյունավետ է: Ժ. Կեպելը համարում է, որ ասիմիլացվածները չափազանց քիչ են. նախ և առաջ դրանք այն ներգաղթածներն են, որոնք կա՛մ հեռացել են իսլամից, կա՛մ էլ ընդհանրապես հրաժարվել են հավատքից:
2 Տահա Ջաբիր ալ-Ալվանին ծնվել է Իրաքում, ավարտել է Եգիպտոսի հեղինակավոր ալ-Ազհար համալսարանը, դասավանդել է Սաուդյան Արաբիայում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ: ԱՄՆ-ում նա հիմնում է Ւսլամական իրավունքի միջազգային ինստիտուտ, իսկ 1988թ նրա ջանքերով հիմնադրվում է ֆիկհի գծով Հյուսիսամերիկյան խորհուրդ, որի ղերկավարն է մինչ օրս:
4 Տե՛ս ՝ Klausen Jytte, The Islamic Challenge: Politics and Religion in Western Europe. Oxford University Press, 2005.
6 Տե՛ս John L. Esposito. The Muslim Diaspora and the Islamic World. // Islam, Europe’s second religion: the new social, cultural an political landscape. Ed. by Shireen T. Hunter , Preager Publishers, 2002:
8 Տե՛ս Muslims in Europe: Economic Worries Top Concerns About Religious and Cultural Identity, Pew Global Attitudes Project, available at: http://pewglobal.org/reports/display.php?ReportID=254:
9 Ջիհադ արաբերենից թարգմանաբար նշանակում է ջանք: Այն առավել հայտնի է իբրև §սրբազան պատերազմ¦, սակայն
արդեն 10-11-րդ դարերում կար հոգևոր ջիհադը, որը բացատրվում էր նաև իբրև §հոգևոր կատարելագործում Ալլահի ճանապարհին¦:
10 Տե՛ս Jocelyne Cesari, The Securitisation of Islam in Europe, Resaerch Paper No 15, April 2009, Available at: http://www.ceps.eu :
11 Հիջաբ արաբերենից թարգմանաբար նշանակում է քող, շղարշ, գլխաշոր, այն ունի բազմաթիվ հոմանիշներ` խիմար, նիկաբ, բուրկա, ալ-ամիրա, շեյլա, իսկ պարսկերեն այն կոչվում է նաև չադոր (մեզ հայտնի է իբրև չադրա):
12 Հադիսները պատմություններ են Մուհամմադ մարգարեի արարքների, ասածների մասին, որոնցում շոշափվում են մուսուլմանների համայնքի կրոնա-իրավական տարբեր հարցեր: Մուսուլմանները հադիսները համարում են իրավունքի երկրորդ աղբյուրը Ղուրանից հետո:
13 Մանրամասնորեն տե՛ս http://www.islamonline.net/servlet/Satellite?c=Article_C&cid=1235628698092&pagename=Zone-English-News%2FNWELayout:
http://www.archbishopofcanterbury.org/1575.
18 Տե՛ս Muslims in Europe: Economic Worries Top Concerns About Religious and Cultural Identity, Pew Global Attitudes Project, available at: http://pewglobal.org/reports/display.php?ReportID=254:
,
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության մագիստրատուրան: Հեղինակ է մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածների: Ներկայում աշխատում է ԵՊՀ-ի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող: