Skip to main content

Իսլամական համակարգը՝ ըստ իսլամի հայտնի գաղափարախոս Սայիդ Կուտբի

Իր մահապատժից ավելի քան չորս տասնամյակ անց եգիպտացի աստվածաբան Սայիդ Կուտբը (1906-1966) շարունակում է մնալ ժամանակակից իսլամական աշխարհի ամենաազդեցիկ գաղափարախոսներից մեկը: Բազմաթիվ մուսուլման հեղինակների գործեր կա՛մ լիովին ներշնչված են Կուտբի գաղափարներով, կա՛մ նրա աշխատությունների մեկնաբանությունն են:

Արևմտյան բազմաթիվ հեղինակներ Կուտբի գաղափարները ներկայացնում են որպես վտանգ աշխարհիկությանը, դեմոկրատական արժեքներին, վերջին հաշվով` Ամերիկային ու Արևմուտքին ընդհանրապես: Առավել հանրամատչելի ձևակերպումների համաձայն` Ս. Կուտբն իսլամական ահաբեկչության ու հակաարևմտյան ջիհադի նախահայրն է:  
Ինչո՞վ է պայմանավորված Կուտբի կարևորությունը, և ինչու՞ է նրա գաղափարախոսությունը շարունակում արդիական մնալ մեր օրերում: Պատասխանը թերևս կբխեցնենք արդար և կատարյալ հասարակության, հասարակական ու քաղաքական ռեֆորմի ռազմավարության, մարդկային բնույթի վերաբերյալ Կուտբի թեորիաներից ու սկզբունքային հասկացություններից: 
Կուտբի ներկայացրած իսլամական համակարգի մասին պատկերացում կազմելու համար առանձնացրել ենք դրա երկու հիմնաքարային բաղադրիչները` անհատն ու հասարակությունը, որոնցով պայմանավորված են այդ համակարգի կայացվածությունն ու գոյութունն ընդհանրապես:
Անհատի բնութագիրը 
Անհատականության մոդելը Կուտբը ներկայացնում է հետևյալ երեք հասկացությունների միջոցով` մարդկային բնույթ (fitra), հավատ (akida) և գործողություն/շարժում (haraka): 
Ֆիտրա: Եթե 19-րդ դ. իսլամական ռեֆորմիստները մարդկային բնույթը համարում էին բացասական ու թույլ, մարդու ամբոխային, վայրի մտածողության փոփոխությունը պայմանավորում միայն Աստվածային գիտելիքով, ապա Կուտբը պնդում էր, որ մարդկային բնույթը` ֆիտրան, սկզբից ևեթ դրական է: Մարդը բացառիկ էակ է տիեզերքում, բացառիկ է իր էությամբ, կառուցվածքով ու գործառույթներով: Նա պատահաբար ու հենց այնպես չի այդպես ստեղծվել, արարվել է նպատակով և Արարչի կողմից փոխարինող (xalifa) հռչակվել երկրի վրա : Հետևաբար, մարդկային բնույթը, ըստ էության, չի կարող բացասական լինել: 
Քանի որ Աստված մարդու ու բնության արարիչն է, ապա դրանք Աստվածային ներդաշնակության մեջ են, որը պահպանվում է միայն այն դեպքում, երբ մարդը քայլում է Արարչի ճանապարհով:
Մարդկային բնույթի վերաբերյալ պատկերացումն ավելի հստակեցնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ մեկ այլ կարևոր հասկացության, որին մեծ տեղ է տրված Կուտբի աշխատություններում: Խոսքը իսլամի համամարդկային ուղերձի ու առաքելության մասին է, որոնց իրականացումն ուղղակիորեն պայմանավորված է մարդկային բնույթով:
Կուտբի ներկայացնելով` իսլամը միայն պատմականորեն սահմանափակված Աստվածային կոչ չէ, ոչ էլ առանձնահատուկ կապ Ալլահի ու նրա ընտրյալների միջև: Իսլամն ավելին է. այն քաղաքակրթելու առաքելություն ունի և ծառայում է ոչ միայն իսլամական հասարակության, այլև ցանկացած հասարակության ու մշակույթի բարեփոխմանը: Իսլամի նպատակն է ստեղծել հասարակության ամենաարդար ձևը, որն անկախ է ժամանակից ու տարածությունից: Իսկ մարդկային բնույթն այս ամենին հասնելու կարողություններ ունի:
Ըստ Կուտբի` իսլամի տարածումը պետք է սկսվի Մեծ հեղափոխությամբ, որի շնորհիվ մարդկությունը կունենա աշխարհի վերջնական ու կատարյալ պատկերը: Մուհամմադ մարգարեն իր գործունեությամբ ապացուցել է, որ հնարավոր է հասնել կատարյալ հասարակության` ումմային (imma): Մարգարեի հեռանալը Մեքքայից` հիջրան (hijra), Կուտբն օգտագործում է` ձևակերպելու համար ըմբոստության ու պայքարի պարադիգման : 
Նախաիսլամականից անցումն իսլամական շրջանի կատարվել է հանկարծակի ու կտրուկ: Սա արմատական տեղաշարժ էր, որով առանձնացավ երկու հակասական համակարգ: Ըստ Կուտբի` այս շրջադարձը պատմական կամ մշակութային հենք չուներ: Նա այս հաղթանակը վերագրում է ոչ թե արաբական մշակույթը կրող մեքքացիներին ու մադինացիներին, այլ մարդկային բնույթի կարողություններին, որոնց շնորհիվ մարդը պատասխանում է Աստվածային ուղերձներին:
Կատարյալ հասարակության կատարյալ հաջողությունը կարող է վերարտադրվել բոլորի կողմից բոլոր ժամանակներում, քանի որ այն մարդկային բնույթից բխող գործունեության արդյունք է, և դա արդեն մեկ անգամ ապացուցվել է իսլամով: Սա թույլ է տալիս Կուտբին ասելու, որ իսլամը համամարդկային կոչ է :
Այսպիսով, մարդկային բնույթը` իր ամբողջ էությամբ ու հարատևությամբ, և դրա համապատասխանությունն Աստվածային ճանապարհին բացատրում են այն ամենը, ինչ ընկած է Կատարյալ հաջողության հիմքում: Այդ ճանապարհն ուղղորդում է մարդուն հնազանդվել իր բնույթին ու ներդաշնակորեն գործել դրա սկզբունքների հետ, սակայն այն մարդուն չի օգնում բացահայտել սեփական բնույթը: Նա միայն կարող է պատկերացումներ ունենալ իր բնույթի մասին, բայց երբեք չի կարող ամբողջովին տիրապետել դրա էությանը :
Սեփական բնույթը հասկանալու անկարողությունը Կուտբը համարում է բնական ու նույնիսկ անհրաժեշտ: Նա պնդում է, որ մարդը պետք է հավասարակշռություն ստեղծի այն ամենի մեջ, որ հնարավոր է իմանալ և այն ամենի, որ վեր է իմացության սահմաններից: Մարդու չիմացությունը փոխլրացվում է հավատով, և դրանով մարդը գիտակցում է այն տարբերությունը, որ կա իր ու իր Արարչի միջև: 
Այստեղից պարզ է դառնում, որ անհատի մյուս կարևոր նկարագիրը հավատն է `akida:
'Ակիդա: Կուտբի պնդմամբ` իսլամական կարգ գոյություն է ունեցել միայն չորս բարեպաշտ խալիֆների օրոք: Դրանից հետո Կատարյալ հասարակություն չի եղել: Պատճառը շեղումն է աստվածային ճանապարհից, li illahi illa lahi (չկա այլ Աստված, Ալլահից բացի) ճշմարտությունից: Այն վերականգնելու համար պետք է վերականգնել հավատն Աստծու ու նրա իշխանության նկատմամբ: Իսլամը եկել է ոչ միայն մարդու համոզմունքներն ու սկզբունքները փոխելու, այլև այդ փոփոխության մեթոդները սովորեցնելու. դրա համար մարդն առաջին հերթին պետք է հավատա, և հավատը պետք է արտահայտվի ամենօրյա կյանքով, պայքարով, իսկական հավատացյալի գործով:
Այս համատեքստում հասարակության կառուցման ամենից կարևոր միավորը հավատացյալն է: Կուտբի պնդմամբ` հասարակությունը անհատների գործունեության արտացոլումն է: Հետևաբար, եթե հասարակության անդամը հավատացյալ է ու հնազանդ` մուսլիմ, հասարակությունը ևս իսլամական է, հակառակ դեպքում իշխում է ջահիլիան ` jahiliya (տգիտությունը):
Ընդ որում, հավատի հարցում մուսուլմանը պետք է լինի անզիջում, այսինքն` հավատը երբեք չի կարելի փոխզիջել, նույնիսկ եթե դա շահավետ թվա: 
Եթե 19-րդ դ. մուսուլման բարեփոխիչ Մ. Աբդուն հավատալու համար պայման էր համարում պատճառը , ապա Կուտբը պնդում էր, որ Աստծու բացարձակ իշխանությանը պետք է հավատալ անվերապահորեն: Միայն հավատի միջոցով մարդը կարող է հավասարակշռություն ստեղծել իմացության ու չիմացության միջև. դա անհրաժեշտություն է մարդկային բնույթի համար:
Կուտբի ընկալմամբ` մարդը կոմպլեքսային էակ է. եթե մարդը հավատում է, ապա անպայման գործում է: Այստեղից հանգում ենք անհատի մյուս կարևորագույն նկարագրին` գործողությանը (haraka):
Հարաքա: Մուսուլմանի պարտքն է գործողության միջոցով իսլամի էությունը դարձնել կոնկրետ իրականություն : Հավատն ու գործողությունը միասին ձևավորում են իսլամական մեթոդը:
Կրոնը պարադիգմա է հասարակություն կառուցելու համար, և դրա միջոցով պետք է կարգավորվի անհատի կյանքը: Մուսուլմանի աստվածապաշտությունը որոշվում է ոչ այնքան կրոնական ծեսերին հետևելով, որքան իսլամական հասարակության մեջ նրա իսլամական գործունեությամբ ու ազդեցությամբ:
Այսպիսով, Կուտբը գործողությունը ներկայացնում է որպես հավատի անհրաժեշտ պայման` ի տարբերություն սուննիական չորս մազհաբների, որոնք մուսուլման են համարում նրան, ով պատրաստ է արտասանել շահադան (shahida) (չկա այլ Աստված, Ալլահից բացի, և Մուհամմադն Ալլահի առաքյալն է (li illahi illa lahi wa Muhammad rasil u lah) և դրանով իսկ ընդունել իսլամի մնացած 4 սյուները: Կուտբը պնդում է, որ այդ կրոնական պարտականությունները բավարար չեն էապես մուսուլման լինելու համար: 
Ընդլայնվում է նաև կրոն հասկացության իմաստը. իսլամը ներկայացվում է որպես սոցիալական համակարգ (nizim): Կուտբյան տրամաբանությամբ` կրոնի ու սոցիալական համակարգի առանձնացումը խախտում է միաստվածության հիմքերը, քանի որ մարդը մի կողմից` պաշտում է Աստծուն, մյուս կողմից` հետևում ու երկրպագում է այն սոցիալական համակարգը, որը դուրս է կրոնից: Հետևաբար, կրոնն ու սոցիալական համակարգը պետք է լինեն մեկ ամբողջության մեջ: Այդ ամբողջության մեջ ապրող մուսուլմանը ոչ միայն անվանապես է մուսուլման, այլև էությամբ: 
Մուսուլմանն ունի առաքելություն` պայքարել երկրային անարդարությունների դեմ: Կուտբը հայտարարում է, որ իսլամն իր էությամբ հեղափոխություն է բռնապետության ու անարդարության դեմ: Հետևաբար, յուրաքանչյուր մուսուլման հեղափոխական է: Մուսուլմանի պայքարը ֆիզիկական է, քանի որ այն խոչընդոտները, որոնք կան աստվածային կարգն ստեղծելու ճանապարհին, նույնպես ֆիզիկական են : Ըստ Կուտբի` միայն քարոզչական միջոցները բավարար չեն գաղափարական փոփոխությունների համար, պետք է օգտագործել նաև ֆիզիկական ուժն ու ջիհադը (jihid)` ոչնչացնելու համար ջահիլիայի համակարգը, որը մարդկանց տանում է մոլոր ճանապարհով ու նրանց ստիպում ծառայել բռնապետներին և ոչ թե ամենակարող Աստծուն : 
Նման համակարգի դեմ պայքարելու համար իսլամը չպետք է բավարարվի միայն քարոզով ու համոզչությամբ: Իսկ ջիհադը չպետք է լինի միայն պաշտպանական: Ջիհադի իմաստը պարզունակ ու հասարակ է դառնում, երբ դրան վերագրվում է զուտ պաշտպանական նպատակ, այսինքն` ջիհադի միջոցով մուսուլմանները զուտ պաշտպանվում են անհավատներից:
Այս ձևակերպումը հաշվի չի առնում իսլամի համամարդկային առաքելությունը`Աստծու իշխանության հաստատումը, մարդու կողմից մարդու շահագործման ու ստրկացման վերացումը, հավասարությունն ու ազատությունը:
Իսլամն է, որ մարդուն ազատագրելուց հետո ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Կուտբը պնդում է, որ եթե նույնիսկ ջիհադը պաշտպանական շարժում է, ապա պետք է ընդլայնել պաշտպանություն բառի իմաստը. մարդու պաշտպանությունն այն ամենից, ինչը սահմանափակում է նրա ազատությունը: 
Այս ձևակերպումը ջիհադին վերագրում է փրկչական իմաստ: Այստեղից էլ բխում է այն հիմնական գաղափարը, որ աշխարհին անհրաժեշտ է առաջնորդող նոր ուժ, և դա կարող է լինել միայն իսլամը` որպես միակ ուսմունք, որը բարոյապես ու գաղափարապես չի սպառվում, ի տարբերություն մյուս` հիմնականում արևմտյան ուսմունքների ու համակարգերի :
Այսպիսով, անհատի բնութագրման կուտբյան երեք հիմնական մոտեցումներն են մարդկային բնույթը` ֆիտրան, հավատը` ակիդան և 'գործողությունը` հարաքան: Ֆիտրան մարդու մեջ կա ի ծնե, այն միշտ անդրադառնում է մարդու վարքին. եթե մարդը գործում է ֆիտրային ներդաշնակ, ապա պարգևատրվում է, հակառակ դեպքում պատժվում է: Ընդ որում, մարդն անկարող է վերլուծել ու նկարագրել իր բնույթը: Դրա փոխարեն Արարիչը մարդուն ուղարկել է սրբազան տեքստը, որով նրան ցույց է տալիս իր կենսաձևի ամբողջական համակարգը: Եթե մարդը հետևում է այդ ցուցումներին, ուրեմն ներդաշնակ է իր բնույթին: Իսկ հետևելու համար նա պետք է բացարձակորեն հավատա Աստծուն: Հավատը քարացած որակ չէ, այլ Աստծու խոսքին հետևողի դինամիկ էքզիստենցիալ վիճակ: Դա արտահայտվում է մուսուլմանի գործողությամբ, որի առաքելությունն ու նպատակը ջահիլիայի ոչնչացումն է: 
Հասարակության բնութագիրը 
Կուտբի` հասարակության բնութագրման հիմնական հասկացություններն են ջահիլիան, այսինքն՝ այն, ինչ կա, և հաքիմիան՝ (hakimiya) այն, ինչ պետք է լինի։ Ջահիլիան համատարած տգիտության ու Աստծու իշխանության մերժումն է, իսկ հաքիմիան Աստծու գերիշխանության ընդունումն է: Այս երկու տերմինները կուտբյան համակարգված ու պարզ բառապաշարի գլխավոր բաղադրատարրերից են, որոնցով նա փորձում է ցույց տալ մի ամբողջական համակարգի էությունը: 
Այս հասկացությունները հիմք են ծառայում գործողության արմատական կոչի համար. կա թշնամի թիրախ` ջահիլիան` իշխող քաղաքական էլիտայով, որը խլել է աստվածային իշխանության ֆունկցիաներն ու լիազորությունները: Դա պետք է փոխարինվի հաքիմիայով` Ալլահի իշխանությամբ: Մշակութային պեսիմիզմը, որի պատճառը ջահիլիան է, վերափոխվում է ակտիվության, գործողության կոչի :
Ջահիլիա: Կուտբը փաստորեն մերժում է մուսուլմանի կամ իսլամի ներկան, ժխտում ավանդական ուլեմայի իսլամը` պնդելով, որ գոյություն չունի իրական իսլամական հասարակություն։ Սա, անշուշտ, սկանդալային ձևակերպում է։ Ավանդապաշտների պնդմամբ` ջահիլիա չի կարող լինել Մուհամմադ մարգարեից հետո։ 
Կուտբի «Ուղենիշներ» գիրքը, որը, այս առումով, ամենաարմատականն էր, Ազհարի հոգևորականությունը ներկայացրեց որպես սրբապղծություն ։ 
Կուտբն ավելի հեռու է գնում` հայտարարելով, որ այսօրվա ջահիլիան ավելի խորն է, քան այն, ինչ կար նախաիսլամական շրջանում. եթե նախաիսլամական շրջանում դա պարզապես տգիտության արտահայտություն էր, ապա այժմ այն աստվածամերժության հետևանք էր:
Կուտբի համար ջահիլիայի ակնհայտ արտահայտություն էին կոմունիզմն ու կապիտալիզմը. առաջինը մարդուն նվաստացնող, մյուսը` անհատին շահագործող: Երկուսն էլ ընդվզում են Աստծու դեմ և ոտնահարում մարդու արժանապատվությունը, որ տրվել է Աստծուց : Այստեղից Կուտբը բխեցնում է իսլամական կոնցեպցիայի գաղափարական կարևորագույն բնութագրերից մեկը. իսլամական հասարակությունում, ուր գերիշխանությունն Ալլահինն է, չի կարող լինել մարդու շահագործում մարդու կողմից: Դա հնարավոր չէ հետևյալ պատճառներով. նախ` իսլամական գաղափարների հիմքով ձևավորված հասարակությունն արդարության հասարակություն է և լիակատար ներդաշնակության մեջ է բնության հետ, երկրորդ` իրական իսլամական հասարակության մեջ մարդու շահագործումը չի կարող երկարատև լինել, քանի որ աստծո բացարձակ իշխանության նկատմամբ հավատը`ակիդան, միշտ պատրաստ է ինքն իրեն դնել շարժման ու գործողության մեջ, պայքարել անարդարության դեմ, հետևաբար, իսլամական հասարակությունը չի կարող հանդուրժել ու համակերպվել մարդկային իշխանությանը:
Ջահիլիան մշտապես արտահայտվում է ոչ թե թեորիայով, այլ պրակտիկայով: Այն կազմակերպված համակարգ է, որի ներսում գոյություն ունի սերտ համագործակցություն, այն միշտ պատրաստ է պաշտպանվել գիտակցաբար կամ անգիտակցաբար: Ջահիլիան փորձում է կործանել իրեն խոչընդոտող բոլոր ուժերը: Սա պետք է հասկանա յուրաքանչուր ճշմարիտ մուսուլման: Հետևաբար, ջահիլիան հնարավոր չէ վերացնել առանց պայքարի, առանց ուժի: 
Ուժ ասելով` Կուտբը նկատի ունի հավատի ու բարոյականության, միություն ստեղծելու և այն կառավարելու ուժը, այն ֆիզիկական կառույցի ուժը, որ կգերակայի ջահիլիայի նկատմամբ : Ովքեր գիտակցում են սա և պատրաստ են իրականացնել իսլամական ռեֆորմը, ձևավորում են շարժման առաջնորդությունը (tali’a): 
Առաջնորդները` իսկական հավատացյալները, պետք է իմանան ինչպիսի վարք ունենալ ջահիլիայի ներսում, ինչպիսի հարաբերություններ ձևավորել իրենց շրջապատող համակարգի հետ, որպեսզի կարողանան իրականացնել իրենց առաքելությունը: 
Առաջնորդը չպետք է զիջումների գնա, հոգեպես պետք է առանձնանա ջահիլիայից, միաժամանակ դրա անդամների հետ պետք է ունենա որոշ կապեր, որպեսզի հնարավոր դարձնի իր գործունեությունը: Առաջնորդը պետք է կարողանա պահպանել հավասարակշռություն` ոչ մի կերպ չզիջել ջահիլիային, բայց միևնույն ժամանակ չսրել հարաբերություններն այն աստիճան, որ դա հանգեցնի մեկուսացման :
Հաքիմիա: hukimiya illahiya (Աստվածային իշխանություն) տերմինն իր աշխատություններում Կուտբից առաջ օգտագործել է իսլամի պակիստանցի գաղափարախոս Ալի ալ Մաուդուդին ։ Այս գաղափարախոսության հիմքը հետևյալն է. Ղուրանը հաղորդում է այն հավիտենական ճշմարտությունը, ըստ որի` թե՛ երկրային, թե՛ երկնային թագավորություններն ունեն մեկ սկիզբ՝ Աստծու գերիշխանության ընդունումը։ 
Կուտբի դիսկուրսում հաքիմիան իսլամական համակարգի դրսևորում է։ Ալլահի գերիշխանության շնորհիվ իսլամական կոնցեպտը հետևյալն է .
1) բազմակողմանի/լիակատար
Ամբողջ տիեզերքն Ալլահի իշխանության ներքո է։ Այդ իշխանությունը պետք է ճանաչվի բացարձակորեն, քանի որ այն միակ օրինաստեղծ իշխանությունն է։ Մարդու և տիեզերքի միջև ներդաշնակությունը բխում է միայն Աստծու բարձրագույն օրենքից։ 
Իսլամը եկել է ոչ թե մզկիթներում մեկուսանալու կամ գոյություն ունենալու միայն մարդկանց սրտերում, այլ ղեկավարելու մարդկանց կյանքը, հասարակության մեջ ներմուծվելու որպես աշխարհայացք, մտածելակերպ։ Եվ դա պետք է լինի ոչ միայն քարոզով ու ղեկավարմամբ (al wui’d wa al irshid), այլև կանոնադրությամբ ու համակարգմամբ (at tashri ’ wa at tandh im): 
«Ուղենիշներում» Կուտբը բացահայտորեն նույնացնում է շարիաթն ու իսլամական կոնցեպտը։ Այսինքն՝ շարիաթը նույնպես համընդգրկուն է, դրանով իսկ՝ ոչ թե քարացած և դոգմատիկ, այլ դինամիկ համակարգ, որն ի վիճակի է մարդուն տալ բոլոր հարցերի պատասխանը։ 
2) ունիվերսալ/համամարդկային 
Իսլամական կոնցեպցիայի աստվածային սկիզբը թույլ է տալիս իսլամին վերագրել համամարդկային բնույթ: Իսլամը մարդկության կրոնն է բոլոր ժամանակների համար:
Այս գաղափարը նոր չէր, և դեռ 19-րդ դ. ռեֆորմիստները, իսլամի համամարդկային բնույթի մասին խոսելով, մեծ ազդեցություն էին գործում իրենց հետևորդների վրա :
Հավերժական ու համամարդկային է նաև շարիաթը` անկախ քաղաքակրթության տեսակից: Իսլամը միայն արաբների համար չէ, այն մարդկությանը միավորող հավատք է: Այս պատճառով էլ իսլամը մերժում է ազգայնականությունը, քանի որ այն հակասում է մարդկության միասնության սկզբունքներին: 
3) մաքուր/պարզ
Չնայած ներկա թուլությանը` իսլամը պահպանել է իր մաքրությունը և պատմության մեջ երբեք չի իշխել բռնությամբ: Մաքրությունն ու պարզությունը իսլամի կարևորագույն նկարագրերից են, քանի որ դրանցով այն արմատապես տարբերվում է մնացած կրոններից: Դրանով իսկ այն հասանելի է բոլորին ու հասկանալի: 
4) եզակի
Իսլամի եզակիության մասին խոսելիս Կուտբը մեկ անգամ ևս տարբերվում է իրեն նախորդող ռեֆորմիստներից. եթե վերջիններն իսլամն առավել բարձր ու զարգացած համակարգ էին համարում` այն համեմատության մեջ դնելով այլ կրոնների, օրինակ` քրիստոնեության հետ, ապա Կուտբը համարում էր, որ բոլոր կրոնները սկզբից ևեթ ունեցել են իսլամի էությունը, բայց սկզբնական մաքրությունը պահպանել է միայն իսլամը, դրանով իսկ այն եզակի է: Այդ իսլամի կրողները, ինչպես արդեն նշել ենք, եղել են Կատարյալ հասարակության անդամները Մարգարեի ու չորս բարեպաշտ խալիֆների օրոք: Այդ կատարելությունն այլևս չի կրկնվել մարդկության պատմության մեջ:
Կատարյալ հասարակության հաջողությունը ինքնաբարեփոխման մեթոդի մեջ է, որը ենթադրում է Ղուրանի ուղերձի ճիշտ ընկալում և այդ ուղերձի ադապտացիա գործողության միջոցով, բացառիկ նվիրվածություն Ղուրանին ու հադիսներին ` որպես բարոյական ու սոցիալական օրենքների միակ աղբյուրի : 
Կուտբը միավորում է կրոնն ու հասարակարգը` դրանով ընդլայնելով կրոն հասկացության իմաստը :

***
Այսպիսով, Կուտբը փորձում էր նախ վերականգնել մուսուլմանի ինքնությունն իսլամի միջոցով, ապա առկա խնդիրները լուծել իսլամական ինքնագիտակցությամբ ու իսլամական մեթոդներով:
Այդ նպատակով Կուտբը տալիս է անհատի ու հասարակության կատարյալ, իսլամական էությունից բխող բնութագրերը: Անհատի բնույթը նա ներկայացնում է երեք կարևորագույն հասկացությունների միջոցով` մարդկային բնույթ, հավատ (համոզմունք), գործողություն, որոնց ներդաշնակ գոյությամբ միայն անհատը կարող է մուսուլման համարվել: Հասարակության նկարագրության համար նա օգտագործում է ջահիլիա և հաքիմիա տերմինները. առաջինի միջոցով նկարագրում է այն, ինչ կա, իսկ երկրորդի միջոցով` այն, ինչ պետք է լինի:
Կուտբի քարոզչությունը ուղղված էր նաև ջիհադի վերաիմաստավորմանը. ջիհադը ներկայացնել ոչ թե որպես պաշտպանական, այլ հարձակողական գործողություն, քանի որ ջիհադի նպատակը ոչ միայն մուսուլմանին անհավատներից պաշտպանելն է, այլև ամբողջ աշխարհի ազատագրումը կեղծ ու անարդար ուսմունքներից։ Սրանով Կուտբը շեշտում էր իսլամի համամարդկային բնույթը որպես միակ ուսմունքի, որ չի սպառվում, ի տարբերություն մյուս՝ հիմնականում արևմտյան նյութական ուսմունքների, և իսլամի առաքելությունը՝ որպես մարդկությանն առաջնորդող ուժ։ 
Թերևս իսլամի նման ընկալմամբ ու ներկայացնելով է պայմանավորված Ս.Կուտբի դերը իսլամական նորագույն ծայրահեղ շարժումների, մասնավորապես «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական շարժման գաղափարախոսության զարգացման գործում։

 

 
Գրականություն

Ս. Կուտբ, Իսլամը և քաղաքակրթության խնդիրները,( Al-islim wa mushkilit al-hadira), Կահիրե, Dir ash- shuriq, 1968£
Ս.Կուտբ, Ապագան այս կրոնինն է, (Al mustaqbal li hida din), Կահիրե, Dir ash- shuriq, 1968£
Ս. Կուտբ,Այս կրոնը (Hadi ad-d in,), Կահիրե, Dir ash- shuriq 1968:
S. Qutb, Milestones on the Path, http://www.youngmuslims.ca/online_library/books/milestones/hold (մուտք գործելու ժամանակը՝ 17.12. 2008).
A. Hourani, Arabic Thought in the Liberal Age, 1798-1939, Oxford, 1962
E. Sivan, Radical Islam: Medieval Theology and Modern Politics, Yale, University Press, New Haven, London, 1985.

Հեղինակ՝ Սոնա Գրիգորյան
 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան: Հեղինակ է մոտ 
Աղբյուր՝  http://www.religions.am/

Popular posts from this blog

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին

Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ. 3 : Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին Ըստ Յակուտ ալ-Համավի, Աբուլ-Ֆիդայի, Իբն Շադդադի աշխատությունների , Կազմ.՝ Հ.Թ. Նալբանդյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965