Skip to main content

Հրեական գրավոր և բանավոր ավանդույթ


 Թորան   ոչ   միայն   հոգևոր   կամ կրոնական   առումով   մեծ   նշանակություն   ունի   հրեա   ժողովրդի կյանքում, այլև   հենց   այս «աստվածային   կամքն»   էլ   ընդգրկված   է   նաև նրա   առօրյայում[1]: Թորայի միջոցով   փորձում   են    մեկնաբանել   հրեա   ժողովրդի   դերը   մարդկության   պատմության   մեջ:


Թորան  կազմված   է   Գրավոր   Օրենքից //תורה  שבכתב  (Torah   Šebikhtav), որն   ունի  իր  «ուղեկիցը»` Բանավոր   Օրենքը  /תורה  שבעל  פה/ ( Torah  Šebe′al   Peh): Այս   աղբյուրներից   ծագող   օրենքն   էլ   զարգացման   տարբեր   փուլեր   է   անցել   դարերի   ընթացքում` վերամշակվելով   ռաբբիների[2] կողմից: Թորայի   հեղինակությունը   հաստատվել   է   ոչ   թե   ինչ-որ   կառավարության   կամ   օրենսդիր   մարմնի, այլ   այն   ընդունվում  է   հրեա   ժողովրդի   կողմից: Մեկնաբանվելով   տարբեր   ռաբբիների   կողմից` սկսվում  է   ձևավորվել «ռաբունական   գրականությունը»:
Եվ   հենց   այս   3   սկզբաղբյուրներն   էլ` Գրավոր   Թորան, Բանավոր   Թորան   և 
ռաբունական   գրականությունը   կազմում   են   հրեա   հասարակության   իրավական  և   օրինական   ուժ   պարունակող   միակ   աղբյուրները[3]: Ի   տարբերություն   ռաբունական  գրականության` Գրավոր   և   Բանավոր   Թորան   համարվում   են  «աստվածային  հայտնություններ», քանի   որ   Աստված   շնորհեց   այն  իսրայելցիներին   Սինայ   լեռան   մոտ, երբ   վերջիններս   դուրս   էին   եկել   Եգիպտոսից   և   շարժվում   էին   դեպի   Քանանի   երկիրը[4]:
Բանավոր և   Գրավոր   Օրենքները   միասին   կազմում   են   d’oraita (արամեերեն, «Թորայի   Օրենք»): Վերջինս   էլ   ենթակա   չէ   փոփոխման: Եվ   Թորայում   ընդգրկված   613   օրենքներն   էլ   կամ պատվիրանները  /מצווה/[5]  (mivah)  Թորայի   ամբողջ  նյութի   հետ   միասին   կազմում   են   հրեական   օրենսդրական      համակարգի   հիմքը:
Հրեական   օրենքի պատմությունը   սկսվում է   մի   գրքից, որն   «անփոփոխ   և հավերժ» է   իր   ողջ   կառուցվածքով: Այն   հայտնի   է   Թորա [6]/תורה/ (Torah) անունով: Թորան հնարավորություն   է   տալիս   հրեաներին   պահել   այն պատմական  հիշողությունը, երբ   Աստված   ընտրեց   հրեաներին   որպես   իր «Ընտրյալ   ժողովրդի». «Եւ   իմ   սուրբ   անունը   չ’պղծէք, որ   ես   սրբուիմ   Իսրայէլի   որդկանց   մէջ»[7]: Եվ   հենց   այս   հիշողությունն   է   ստիպում   հրեաներին   ներմուծել   այն  անգամ   իրենց   առօրյա   կյանք` սննդակարգ, հասարակական, ընտանեկան, ամուսնական հարաբերությունների, տոնակատարությունների   մեջ:  Թորան   փորձում   է   հրեաներին   բացատրել   իրենց   ունեցած  դերը   մարդկության   պատմության   մեջ: Սակայն   այս   ողջ   պատմությունն   էլ   ողողված  է   ժողովրդի   հնազանդությամբ, շատ   դեպքերում   էլ   նրա    ընդվզմամբ   Աստծո   դեմ:  Թորան   հիշեցնում   է   հրեաներին. «Ես   եմ   Եհովան  քո   Աստուածը` որ  քեզ   Եգիպտոսի   երկրիցը   ծառայութեան   տունիցը   հանեցի»[8]
Ինչպես   արդեն   նշվել   է, Թորայի   հիմքը   կազմում   են   Գրավոր   և   Բանավոր 
  Օրենքները: Եթե   Գրավոր   Օրենքն   անփոփոխ   է, ապա   Բանավոր   Օրենքը   գտնվում  է   շարունակական   զարգացման   մեջ, հետևաբար   այն   կարող  է   երբեմն   փոփոխության   ենթարկվել: Վերջինիս   համար   հիմնական   աղբյուր   է   ծառայում   Միշնան /משנה/[9]  (Mišnah): Բանավոր   Օրենքը   փոխանցվում   էր   շղթայական   ձևով` մարգարե-իմաստուն-ուսուցիչ-աշակերտ: Փոխանցվելով   սերնդեսերունդ   բանավոր   ձևով`   այն   կարող   էր   կորցնել   իր   հավաստիությունը: Ուստի   մշակվում   և   գրի  է   առնվում   Միշնայում: Միշնան  գրի   է   առնվել   մ.թ.   220թ. Յեհուդա   հա-Նասիի   կողմից (135-220թթ.): Բանավոր   Օրենքի  պատմական   առաջին   շրջանը   հայտնի   է   Թանայան[10]   շրջան   անվամբ (I   դարից   մինչև  220թ.): Բացի   Միշնայից, կան   Բանավոր   Օրենքին   վերաբերող   այլ   աղբյուրներ   ևս, որոնք   հայտնի   են   «Միդրաշիմ» /מדרשים/[11]  (Midrašym)  և   «Տոսեֆտա»  (Toseft′)  /תוספתא/[12]  անվանումներով:
Իսկ   այն   օրենքները, որոնք   ձևավորվում   են   արդեն   220թ.-ից   հետո, չեն   համարվում   d’oraita, այլ   կոչվում   են   d’rabbanan (արամ. ` ռաբունական):
Այսպիսով, 200-400-ական թթ.   Տիբերիայի, Կեսարիայի   ռաբբիները   սկսում   են   Թորայի   ուսուցման   հարցերի   քննարկումները: Այս   քննարկումները   հիմնվում   էին փաստերի   վրա, որոնք   էլ   իրենց   հերթին   գրի  էին   առնվում: Եվ   այս   գրառումները   սկսեցին   տեղադրել   Միշնայի   այն   հատվածներում, որոնց   դրանք   վերաբերում   էին:  Կատարված   գրառումներն   ամբողջությամբ   ստացան  «Գեմարա»   անվանումը גמרא/     կամ/ גמרה  [13]  (Gemarah):     
Միշնան   և   Գեմարան   էլ   միասին   կազմեցին   Թալմուդը [14]/תלמוד/  (Talmud): Հրեական   օրենքը   հասկանալու   համար   հարկ   է  առաջին   հերթին   ծանոթանալ   հենց   այս   աշխատությանը, հատկապես   Բաբելոնյան   Թալմուդին /תלמוד  בולי/   (Talmud  Bavly): Այն   ընդգրկում   է   Բանավոր   Օրենքն   ամբողջությամբ, հանդիսանում   է  d’rabbanan   օրենքների   հիմնական   աղբյուրը: Եվ   Թալմուդն   ու   Թորան   են   կազմում   հրեական   օրենքի   հիմքը: Գոյություն   ունի   նաև  Երուսաղեմյան   Թալմուդը   /תלמוד ירושלימי/ (Talmud  Yerušalymy): Բաբելոնյան   Թալմուդը   կիրառության   առավել   լայն  շրջանակներ   է   ընդգրկում,   և   սովորաբար   Թալմուդ   ասելիս   հենց   հասկանում   են  Բաբելոնյան   Թալմուդը:
Տարբեր   մեկնություններ` կատարված   Թալմուդի   շուրջ, երբեմն   ընդգրկվում   են   նրանում` ստանալով   օրինական   և   իրավական   ուժ: Այդպիսին   է, օրինակ, ռաբբի Շլոմո բեն   Յիցխակի  /שלמה  בן  יצחק/  (1040-1105)   աշխատությունը[15]: 11-րդ   դարում   Ֆրանսիայում   և   Գերմանիայում   բնակվող   այս   հայտնի   գիտնականի  «դասական   մեկնությունները»   կազմում   են   Թալմուդի   անբաժանելի   մասը:
Չնայած   Թալմուդը   հրեական   օրենքի   հիմնական   աղբյուրն   է, այնուամենայնիվ շատ   դժվար  է   այն   հասկանալը: Թալմուդի   իրավական, օրենսդրական   նյութը  միահյուսված   է   ոչ   իրավական, փիլիսոփայական, բարոյագիտական   նյութով, որը   կոչվում  է   «Ագգադա»  /אגדה/[16]  (Aggadah) : Թալմուդում   ընդունված   որոշումներն   ավելի   շատ   կարելի   է  դիտել   որպես   տեսական, քան   գործնական   տեսանկյունից:
Հրեական   իրավագիտության   և   օրենսդրության   մեջ   իր   ուրույն   տեղն  է   զբաղեցնում   հալախան/הלכה/   (halakhah)`  օրենքը[17]:  הלכה-ն   գոյություն   ունի  դեռևս   հին   ժամանակներից   սկսած: Այս  օրենքներին   դիմում  էին   միայն   այն   ժամանակ, երբ   տվյալ   իրադրության   համար   սահմանված   օրենքները   ընդգրկված   չէին   ո՛չ   Բանավոր, ո՛չ   էլ   Գրավոր   Թորայում: Այսպիսի   օրենք-ավանդույթները   ստացել   են     מסורת  (masoret)` ավանդույթ  կամ    הלכה  անվանումները, որը   նշանակում   է   «քայլող   նորմ»[18]: Նախ   הלכה-ն   ունի   հետևյալ   իմաստը. այն   բանավեճերի   և   քննարկումների   ընթացքն   է   իմաստունների   միջև: Փոխաբերական   իմաստով   այն   կարելի   է   հասկանալ   որպես  «գնալ   կարգադրությունների   և   օրենքների   ճանապարհով»:



[1]  Hartman, 2009,  p.  3
[2] <<Իմ   ուսուցիչ>> רבי  (raby). I  դարում  այս   անվանումը   տրվեց   Թորայի   մեկնաբաններին:
[3] Hollander, 2006 p. 223
[4] Աստվածաշունչ. Ելից, Գլ,   ԺԹ  (19)
[5] Սինայ   լեռան   վրա   Մովսեսին   տրված  613   պատվիրաններից   365-ը   արգելքներ   են (ըստ   արևային   տարվա  օրերի   թվի), իսկ   248-ը` պարտավորություններ (ըստ   մարդու   օրգանիզմում   պարունակվող   օրգանների   թվի):- Натив, 1983,   стр.  108
[6] Եբր.  «ուսուցում, ուսմունք», կազմված  է  5  գրքից` בראשית (Berešyt), שמות (Šmot), ויקרא  (Vayikr′), במדבר  (Bamidbar), דברים (Dvarym), և   կոչվում   է   «Հնգամատյան»`  חומש(umaš):
[7] ולא תחללו את שם קדשי ונקדשתי בתוך בני ישראל אני יהוה מקדשכם:ויקרא  22:32 Ղեիտացոց, Գլ.  ԻԲ   22:32/  
[8]אנכי יהוה אלהיך אשר הוצאתיך מארץ מצרים מבית עבדים: שמות    20:2 Ելից, Գլ.  Ի   20:2/  
[9] Ծագում   է  שנה  (šanah)     արմատից, որը   նշանակում   է «կրկնել», իսկ   թալմուդյան   գրականության   մեջ   այս   բառը   հանդես   է   գալիս  «սովորել, սովորեցնել»   իմաստով, այսինքն` «սովորեցնել `  անընդհատ   կրկնելու   միջոցով»:- Натив, 1983стр.  160
[10]«թանա»  արամեերենից   թարգմանաբար   նշանակում   է   «սովորող», այսինքն` «Բանավոր   Թորան»   սովորող»: Թանաիմները   Գիլելի   և   Շամայի  ու   նրանց   դպրոցի   աշակերտներն   էին, մինչ   Միշնայի   գրի   առնման   ավարտը:- Натив, 1983,    стр.  289 
[11] Ծագում   է  דרש  (daraš)  արմատից, որը   նշանակում   է  «քննել, հետազոտել»: Հրեական   աղբյուրներում   այն   ունի   հետևյալ   իմաստը. աստվածաշնչյան   տեքստի   ներքին   իմաստի   բացահայտում:- Натив, 1983,   стр.  156 
[12] Արամեերենից  թարգմանաբար   նշանակում   է  «լրացումներ», որն   իր   հերթին   հանդիսանում է  «միշնայոթների» /משניות/  (mišnayot)`Բանավոր   Օրենքի   կանոնների   գրառումների` որպես   համապարփակ   դատողությունների   բանաքաղումը, որն  ընդգրկված   չէ   Միշնայի   վերջնական  տարբերակում:-  Hollander, 2006,   p.  225
[13] Արամ.   גמרא  նշանակում   է  «յուրացում  ուսուցչից», իսկ   եբր.  גמרה (Gemarah)` «ավարտել», այսինքն`   վերջնական   նպատակն   էր  կատարելագործել   Միշնան:- Натив, 1983 ,  стр.   297
[14] Եբր.  למד (lamad)  «սովորել»   բառից   է   առաջացել  «ուսուցանում»   իմաստով:
[15] Վերջինս   առավել   հայտնի  է   Ռաշի   անվամբ:
[16] Արամեերենից   թարգմանաբար   նշանակում   է   «պատմվածք, բանահյուսություն»: Այն   պատմողական   ավանդույթն է, որն   արտացոլում է հուդայականության   պատմության հիմնական   հատվածները, սակայն   պատմվածքի   միջոցով: Այն   իր   մեջ   ներառում   է   ժողովրդական   իմաստության, բարոյագիտության տարրեր: - Барановский, Иванов, 2009,   стр.  334
[17] הלכה-ն   իր   հերթին   բաղկացած   է   3   բաժնից` Սուրբ   Գրքի   մեկնություն, բանավոր  ավանդություն`սերնդեսերունդ   բանավոր   կերպով   փոխանցված   ավանդույթները, և   հրաման-արգելքներ` կոնկրետ   ընդունված   որոշումներ, որոնք   սահմանվել   են` հաշվի   առնելով   մի   շարք   պատճառներ:- Натив, 1983,   стр.  60
[18]Եբր.    הלך  (halakh)`  «քայլել»   բառից: