Շիական կրոնի
սկզբունքները («usul ad-din») ներառում են միակություն («tawhid»), արդարադատություն
(«’adl»), մարգարեություն
(«nubuwwa»), իմամաթ և հարություն («ma’ad»): Միաբանությունը, մարգարեությունը և հարությունը ընդհանուր
են շիիզմում և սուննիզմում: Իմամությունը
հանդիսանում է այն ասպեկտը, որ արմատականորեն բաժանում է իսլամի այս երկու հիմնական
ճյուղերը: Շիիզմի
համաձայն` հայտնությունը ունի հանրամատչելի («zahir»)
և թաքնված («batin») ասպեկտներ, որ լիովին մարգարեի տնօրինության տակ են գտնվում:
Մարգարեն հանդիսանում է միաժամանակ nabi և
wali: Նուբուվվան դա հանրամատչելի մասն է կազմում, իսկ վալայան թաքնված, որ ուղղված է բացահայտելու կրոնի թաքնված իմաստները:
Մարգարեի մահով մարգարեական փուլը ավարտվում է, սակայն նախաձեռնության փուլը շարունակվում`
ի դեմս իմամի: Իմամ բառը գալիս է amma բայից, որ ինքին նշանակում է «առջևում կանգնել», «ղեկավարել
ինչ-որ բանով», «առաջնորդել»: Այսինքն նրա գործառույթը կապված է վալայայի
հետ: Ըստ շիական հավատքի` իմամը երեք ֆունկցիա է կատարում`
1. Օրինական իմամ` իսլամական
համայնքի ղեկավար, մարգարեի հետևորդ` երկրային հարցերի կարգավորման հարցում,
2. Իմամ` կրոնական գիտելիքների
և իրավունքների բացատրող, Ղուրանի և հադիսների բացատրության վերջնական հեղինակություն,
3. Իմամ` հոգևոր բարձրագույն
իշխանություն, որ մարդկանց տանում է դեպի երևույթների թաքնված մասերը հասկանալու:
Այսպիսով իմամի իշխանությունը
տարածվում է ոչ միայն մարդկանց հոգևոր և աշխարհիկ կյանքի վրա, այլ նաև «անտեսանելի» աշխարհի`
«’Alam al-ghaib»-ի: Իմամներին
բացարձակ ենթարկվածությունը հիմնվում է մարգարեի ընտանիքի, նրանց հեղինակության և հավատի
վրա: Եթե սուննիները ընդունում են իջմա’-ն,
ապա շիաները գտնում են, որ իմամը կարքի չունի` այլ մարդկանց կարծիքները լսելու:
Շիաները ի սկզբանե իմամներին ճանաչել են` որպես Ալլահի միակ
և օրինավոր ներկայացուցիչները երկրի վրա: Նրանք հանդիսանում են «բաբերը», որոնց միջոցով հնարավոր է մոտենալ
Աստծուն:
Շիական ուսմունքի համաձայն` իմամի բարձրագույն իշխանությունը
կանխագուշակված է վերևից, և այդ պատճառով էլ այն չի կարող մարդկանց ցանկությունից կախված
լինել: Շիաները ի սկզբանե հայտարարեցին, որ մուսուլմանական համայնքի իմամ կարող է լինել
Ալիի ցեղի ներկայացուցիչը ժառանգականորեն, ինչը հանդիսանում է աստվածային որոշում:
Շիաների պնդմամբ` իմամը տեղյակ է կրոնի բոլոր թաքնված կետերին, որ Աստված փոխանցել
է Ալիին և որը փոխանցվում է նույնպես ժառանգականորեն: Իմամը չի կարող լինել մեղսավոր:
Առօրեական կյանքում իմամ են կոչում այն մարդուն, ով առաջնորդում
է աղոթքը մզկիթում: Իմամի պատկերացման գաղափարները արմատականորեն տարբերվում են սուննիների
և շիաների մոտ:
Սուննիական կոնցեպցիաների համաձայն`իմամը հանդիսանում է խալիֆան,
որի հիմնական ֆունկցիան է կրոնի պահպանումը և աշխարհիկ խնդիրների լուծումը: Սուննիները,
ինչպես և խարիջիները, համարում են, որ տեսականորեն իմամ-խալիֆան համայնքի կողմից պետք
է ընտրվի, իսկ պրակտիկորեն համայնքի ներկայացուցիչների:
12 հիմնական իմամներն են հանդիսանում`
1. Աբու ալ-Հասսան (Աբու Թուրաբ) ‘Ալի իբն
Աբու Տալիբ ալ-Մուրթադա («Ցանկալի»)
2. Աբու Մուհամմադ ալ-Հասսան իբն ‘Ալի ալ-Մուջթաբա («Ընտրյալ»)
3. Աբու ‘Աբդալլահ ալ-Հուսեյն իբն ‘Ալի աշ-Շահիդ («Նահատակ»)
4. Աբու Մուհամմադ ‘Ալի իբն ալ-Հուսեյն աս-Սաջջադ («Հաճախ խոնարհվող
աղոթքի ժամանակ»)
5. Աբու Ջա’ֆար Մուհամմադ իբն ‘Ալի ալ-Բաքիր («Բացահայտող (գիտելիքների էությունը)»)
6. Աբու ‘Աբդալլահ Ջա’ֆար իբն Մուհամմադ աս-Սադիկ («Ճշմարտացի»)
7. Աբու Իբրահիմ (կամ Աբու ալ-Հասսան) Մուսա իբն Ջա’ֆար ալ-Քազիմ
(«Ցասման սանձող»)
8. Աբու ալ-Հասսան ‘Ալի իբն Մուսա առ-Ռիդա («Հաճելի»)
9. Աբու Ջա’ֆար Մուհամմադ իբն ‘Ալի աթ-Թաքի («Բարեպաշտ») ալ-Ջավադ
(«Մեծահոգի»)
10. Աբու ալ-Հասսան ‘Ալի իբն Մուհամմադ
ան-Նաքի («Մաքուր») ալ-Հադի
(«Ճիշտ ուղով
տանող»)
11. Աբու Մուհամմադ ալ-Հասսան իբն ‘Ալի ալ-‘Ասքարի ազ-Զաքի («Ճշմարիտ»)
12. Մուհամմադ իբն ալ-Հասսան ալ-Հուջջա («Փաստարկ (Աստծու մարդկանց համար)») ալ-Կա’իմ («Կատարող (Ալլահի ցանկությունները)») ալ-Մունթազար
(«Սպասվող
(Մահդի)»)
Ըստ շիական
ավանդության` Մուհամմադը կորել է իր հոր մահվանից անմիջապես հետո: Շիաները գտնում են,
որ մահդին թաքնված է արտաքին աշխարհից և
դեռևս վերադառնալու է, որի արդյունքում ներքինը կրկին գերակայելու արտաքինի նկատմամբ,
իսկ արտաքինը պատրաստվում է կլանվել ներքինի մեջ: Թաքնված իմամի գաղափարը շիաների մոտ
նշանակում է մարգարեի անձի և օրհնվածության շարունակությունը: Իսկ միջոցները, որով
պահպանվում է Ղուրանը, իրականում հիմնված են մարդկանց համար բացահայտված միասնականության
վրա: Առանց իմամի մարդիկ կդադարեն հասկանալ Հայտնության ներքին իմաստը: Բացի այդ` առանց
իմամի բոլոր երկրային գործերը անկատար են մնում և կարող են հասնել կատարելության` միայն
իմամի խառնվելով:
Բնականաբար
այստեղ հաշվի չենք առնում շիական ճյուղավորված ուղղությունների մոտեցումները իմամի
հարցում: Եվ որպես նախատիպ վերցնում ենք իսնաաշարիական մոդելը: Իսնաաշարիական պատմության
առաջին մասը հենց 12 իմամների պատմություն է կազմում, երբ նրանք ապրել են նրանց հետևորդների
հետ միաժամանակ: Հենց դրա շնորհիվ նրանց աշակերտները հավաքել են իմամների խոսքերը պատմող
մի շարք աշխատություններ, որոնք մեծ կարևորություն ունեն:
Հեղինակ՝ Ամալյա Թարզյան